«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում հյուսիս-հարավ ավտոմայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ էին ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչ կոնկրետ խնդիրների պատճառով են տրանշ 2-ում աշխատանքները դանդաղել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ խոստացել էր բացահայտումներ անել և անդրադառնալ խնդիրներին, Արշակյանն ասաց. «Տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քանի որ հարցը քննչական կոմիտեի իրավասության տակ է գտնվում, գերադասելի չէ մեկնաբանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում