ԵԱՏՄ-ի և Կուբայի հարաբերություններն արձանագրում են բացառապես դրական առաջխաղացում

ԵԱՏՄ-ի և Կուբայի հարաբերություններն արձանագրում են բացառապես դրական առաջխաղացում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով փետրվարի 6-8-ը գտնվում է Կուբայում, որտեղ հանդիպում է ունեցել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հետ: Այս մասին տեղեկացրին ԵԱՏՄ մամուլի ծառայությունից:

Տիգրան Սարգսյանի և Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հանդիպման ընթացքում քննարկվել են Կուբայում Միության անդամ երկրների կողմից ներդրումային հնարավորությունները:

Չապմանը ներկայացրել է Կուբայի տնտեսական քաղաքականության արդիականացման հիմնական տարրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

Տիգրան Սարգսյանն ընգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես երկրում տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման ժամանակահատվածում:

«Հաշվի առնելով Կուբայի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությունները, ԵԱՏՄ-ի գործընկերները պատրաստ են մասնակցել այդ գործընթացներին: Ավելին, մեր միության գործարարներից արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր և առաջարկություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կուբայի Հանրապետության կառավարության փոխգործակցության Ընդհանուր հանձնաժողովի առաջին նիստը:

Փետրվարի 6-8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում Եվրասիական տնտեսական միության ու Կուբայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում