Ի՞նչ գիտենք էլ-առողջապահության մասին. մեդալի երկու կողմերը

Ի՞նչ գիտենք էլ-առողջապահության մասին. մեդալի երկու կողմերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Բժիշկների կողմից պացիենտների կլինիկական տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ անցյալ տարի (մայիս, 2018թ․) հետաձգվել է մինչև 2019թ․ մայիս։ Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ «Հունիսի 1-ից մարդիկ պետք է իրենց բոլոր պացիենտների կլինիկական տվյալները մուտքագրեին էլեկտրոնային առողջապահության համակարգ, ինչը, սակայն, ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, իսկ պարտադրանքով նման համակարգ ներդնելը սխալ է»։ Համակարգի թերությունն ըստ նորանշանակ նախարարի՝ օրենսդրական բացն է: «Ոչ մի իրավական ակտ, կառավարության որոշում կամ նախարարի հրաման չկար, որով կպարտադրվեր, որ որևէ բուժհաստատություն մուտքագրեր պացիենտի կլինիկական տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգ: Այս ընթացքը մենք օգտագործելու ենք՝ վերանայելու համակարգի ներդրման ժամանակացույցը»: Էլեկտրոնային առողջապահության համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրսգրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլ-առողջապահության համակարգի այս բաղադրիչի կիրարկման մեկնարկին քիչ ժամանակ է մնացել և հաշվի առնելով, որ «օրենսդրական բացերից» զատ համակարգում նկատելի են այլ թերություններ ևս, ավելորդ չենք համարում ներկայացնել միջազգային պահանջներն ու լավագույն մոտեցումներն էլեկտրոնային առողջապահության համակարգի արդյունավետ աշխատանքի ինչպես նաև համակարգ ներբեռնված տեղեկատվության անվտանգության պահպանման համար՝ ի նպաստ բուժօգնության արդյունավետության, անվտանգության ու մատչելիության ապահովման ցուցանիշների բարձրացման։

Ցանկացած նորագույն համակարգի ներմուծում որևէ ոլորտում հասարակության լայն շրջանակներում ակամա առաջացնում է մտահոգություններ, որոնք պայմանավորված են հիմնականում հետևյալ գործոնների ազդեցությամբ.

– լիարժեք տեղեկատվության տիրապետման բացակայությամբ կամ ապատեղեկատվության առկայությամբ

– ֆինանսական, ադմինիստրատիվ, տեխնիկական, մտավոր-ներուժային պաշարների բացակայությամբ կամ թերառկայությամբ

– հնարավոր ռիսկերի դիտարկման, անցանկալի հետևանքների կանխման և անվտանգության հարցերի կարգավորման մեխանիզմների արդյունավետության անորոշությամբ, և այլն։

Այս գործոններից որևէ մեկի առկայությունը կամ դրանց համակցումը հանգեցնում է վախերի ու դժգոհությունների հիմնականում տվյալ համակարգում ներգրավված տարբեր օղակների շրջանակներում, քանզի նրանք փորձում են վերլուծել ստեղծված իրավիճակը, անել որոշակի եզրահանգումներ և կանխատեսել հնարավոր թերությունները, անցանկալի հետևանքներն ու ռիսկերով պայմանավորված բարդությունները։ Սակայն ցանկացած նորագույն համակարգի ներմուծման դեպքում չպետք է մոռանալ նաև նախատեսված առավելությունների մասին։ Հնարավոր ընթացիկ թերությունները հարկ է շարունակ անաչառորեն վեր հանել մշտադիտարկմամբ, հիմնավորապես մշակել դրանց շտկման մեխանիզմները՝ ապահովելով տվյալ համակարգի կատարելագործումը ժամանակի ընթացքում և երկարաժամկետ արդյունավետության ցուցանիշների շարունակական աճը:
Ինչպես ցանկացած նպատակի, այնպես էլ «Էլեկտրոնային առողջապահության» (e-health) իրականացման հաջողությունն ի սկզբանե պայմանավորված է ներդրման առաքելության, տեսլականի ու ռազմավարության հստակ սահմանմամբ՝ դերերի ու գործողությունների մանրակրկիտ գծագրմամբ, նպաստող ու խոչընդոտող բոլոր ներքին ու արտաքին գործոնների դիտարկմամբ և դրանց վրա ներգործելու հնարավորությամբ, որի շնորհիվ ներդրվող ծրագիրը կարող է դառնալ համապատասխան մենեջմենտի SMART չափանիշներին (S-specific-հատուկ, M-measurable-չափելի, A-achievable-հասանելի, R-relevant-/պատշաճ, T-time-bound-ժամանակի հետ կապված)՝ մեծացնելով հաջողության հասնելու հավանականությունը։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գլխավոր նպատակը պետք է լինի բուժօգնության արդյունավետության, անվտանգության ու մատչելիության ապահովման ցուցանիշների բարձրացումը: Սակայն այս կարևոր նպատակի հաջողության հասնելու ոչ դյուրին ճանապարհին ոչ միայն չպետք է անտեսել տվյալ տարածաշրջանում առկա ժողովրդագրական, քաղաքական-իրավական, սոցիալ-տնտեսական, տեխնիկական, էկոլոգիական, մշակույթային առանձնահատկությունները, այլև՝ դրանց հիմնովին ուսումնասիրման համար անհրաժեշտ է ժամանակ ու միջոցներ հատկացնել:

Հասկանալու համար, թե արդյո՞ք հիմնավորված են ներկայումս առկա մտահոգությունները կապված էլ-առողջապահության ներդրման գործընթացի հետ, նախ անհրաժեշտ է պարզաբանել.

– էլ-առողջապահության և առկա հասկացությունների սահմանումները

– էլ-առողջապահության մոդելի երկարաժամկետ հաջողության հիմնական բաղադրիչները

– էլ-առողջապահության առաջարկվող մոդելի առավելությունները

– էլ-առողջապահության առաջարկվող մոդելի թերությունները

– կիրառման ոլորտներն ու նպատակները

– ֆինանսատնտեսական ասպեկտները
– տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) չափորոշիչները

– իրավաբանական հարթության հիմնախնդիրները։

Վերը նշված հարցերը քննարկելիս անհրաժեշտ է նաև համեմատականներ անցկացնել էլ-առողջապահության համակարգի համընդհանուր անհրաժեշտ արդյունավետության սահմանված չափանիշներին և դրանց ապահովման հնարավորություններին Հայաստանի Հանրապետությունում:

Էլեկտրոնային առողջապահություն

Էլ-առողջապահություն եզրույթն ի սկզբանե ավելի հաճախ կիրառվել է արդյունաբերական ձեռնարկությունների առաջնորդների և մարքեթինգի մասնագետների, քան ակադեմիական աշխարհի ներկայացուցիչների կողմից՝ նպատակ ունենալով ինտերնետի «ուղղակի միջնորդությամբ» տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) ներմուծել առողջապահական ոլորտ և ի շնորհիվ առողջապահության համակարգի հմուտ ղեկավարների ու տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ներկայացուցիչների սերտ համագործակցության՝ լիարժեք կիրառելով այդ միավորման առավելությունները՝ նպաստել առողջապահության ոլորտի արդյունավետ գործունեության կազմակերպմանն ու առաջընթացին (1

Դիմենք միջազգային փորձին․ Էլ-առողջապահության համակարգում սահմանված հասկացություններն ունեն համընդհանուր հատկանիշներ, թեև դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն բնորոշումն ու գործառույթները։ Հոլանդիայի հանրային առողջության ու խնամքի խորհրդի (2002թ․) «Էլ-առողջապահության համակարգի տեղեկատվական վերլուծություն» ծավալուն զեկույցը (2), ներկայացնում է էլ-առողջապահության պատկերավոր նկարագիրը՝ Հոլանդիայի էլ-առողջապահության հիմնախնդիրների մասին բազմաղբյուր հիմնավորված հետևություններով հանդերձ: Նշեմ որ, ըստ Շվեդիայի առողջապահական սպառողական ընկերության տվյալների՝ Հոլանդիայի առողջապահական համակարգը 2017թ․-ին ճանաչվել է լավագույնը Եվրոպայում:

Հեռաբժշկությունը (telemedicine) բժշկական խնամքի ապահովումն է տարածության վրա, այսինքն այն ապահովում է բուժաշխատողների և պացիենտների կապը տարածության երկու տարբեր կետերի միջև ի շնորհիվ փոխհարաբերման հեռակապային տեխնոլոգիաների կիրառման՝ նպաստելով ինչպես բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների հասանելիությանը տարածության վրա, այնպես էլ տրանսպորտային ծախսերի նվազեցմանը։

Հեռաառողջապահությունը (telehealth) ավելի լայն հասկացություն է, քան հեռաբժշկությունը և ներառում է, բացի հեռաբժշկության վերոհիշյալ գործառույթներից, նաև պացիենտների ու բուժաշխատողների կրթությունը և բուժաշխատողների վերապատրաստումը տարածության վրա։

Բջջային առողջապահությունը (m-health) ամենանորագույն հասկացությունն է տվյալ բնագավառում և այստեղ որպես տեխնոլոգիական միջոց կիրառվում է բջջային հեռախոսը։

Այսպիսով, էլեկտրոնային առողջապահությունը (e-health) մի տարածական համակարգ է, որտեղ ինտերնետի միջոցով հատվում են բժշկական տեղեկատվության, հանրային առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի խաչմերուկները։

Էլեկտրոնային առողջապահության մոդելի

երկարաժամկետ հաջողության հիմնական բաղադրիչները

Ցանկացած պետություն բնորոշվում է սոցիալ-տնտեսական, տարածաշրջանային, մշակութային, ազգային մի շարք առանձնահատկություններով և միայն դրանց լիարժեք ուսումնասիրությունն է հնարավորություն տալիս ստեղծել տվյալ երկրում որևէ ծրագրի իրականացման հաջողության հեռանկարային պատկերը և ղեկավարել ինչպես գործընթացն ամբողջությամբ, այնպես էլ հասարակությանը տվյալ գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով։

Համաձայն InterSystems (30 տարի գործունեության փորձով և 100 երկրներում ICT ծրագրերի համակարգող) առողջապահության տեղեկատվական տեխնոլոգիական ծրագրերի օպերատորի 2015թ. «Երկարաժամկետ արդյունավետ առողջապահական համակարգերի ստեղծումը 21-րդ դարում․ E-health և տեղեկատվական տեխնոլոգիաները առողջապահական համակարգում» զեկույցի, ցանկացած տարածաշրջանում էլ-առողջապահության երկարաժամկետ հաջողված գործունեությունն անկախ հնարավոր այլ խոչընդոտող հանգամանքներից, կարելի է ապահովել հիմնականում չորս գործոնների առկայությամբ.

1. Լավ հիմք, ինչը հնարավոր է կառուցել ոչ թե պարզապես էլեկտրոնային բժշկական որակյալ (ճշգրիտ) տվյալներիուղղակի առկայությամբ, այլ այդ տվյալների առկայությամբ և դրանց ամբողջական ու ճշգրիտ ներմուծմամբ և անհրաժեշտության դեպքում հասանելիությամբ բժշկական թիմը կազմող ցանկացած իրավասու ներկայացուցչի համար։ Տվյալների ամբողջականությունը ներառում է ինչպես հիվանդի անձնական տվյալները, առկա պաթոլոգիաները, կլինիկական, լաբորատոր, ռենգեն հետազոտությունների արդյունքները, ստացած բուժումները, նշանակված (ընդունած) դեղերը, ալերգիաները, այնպես էլ բժշկի նշումներն ու այլ կարևոր տեղեկությունները։ Այսինքն, այն արտացոլում է հիվանդի կյանքի և հիվանդության պատմության ամբողջական պատկերն էլեկտրոնային տարբերակով։

2. Անհրաժեշտ միջոցների առկայություն և կիրառման դյուրինություն, այսինքն պետք է ունենալ արագ աշխատող նորագույն համակարգիչներ, ինտերնետային մշտական լավ կապ և բոլոր կիրառողների համար հասանելի (իրավասության աստիճանին համապատասխանող հասանելիությամբ), դյուրին էլեկտրոնային ծրագիր, որի հետ ճիշտ աշխատելը հիմնականում ոչ մի բարդություն չի ներկայացնի:

3. Ճիշտ գործողություններ և դրանց վերահսկում, այսինքն բժշկական թիմի կողմից իրականացվող ոչ ճիշտ էլեկտրոնային գործողությունների, առկա և նոր ներմուծվող տվյալների կիրառման վերահսկողություն ծրագրի կողմից։ Օրինակ՝ զգուշացման ազդանշան, եթե օրինակ բուժման սխալ սխեմա է կազմվել, որը չի համապատասխանում պրոտոկոլային ծրագրում արդեն ամրագրված ախտորոշիչ և բուժման սխեմայի հետ կամ օրինակ հիվանդին նշանակվել է որևէ դեղ, որը հակացուցված է՝ ելնելով հիվանդի առողջական վիճակից կամ դեղի (կամ դրա որևէ բաղադրիչի) հանդեպ գերզգայունությունից ։

4. Ճշգրիտ ու շարունակական վերլուծություն, այսինքն տվյալների հիման վրա ինչպես համաճարակաբանական, այնպես էլ էլ-առողջապահության տարբեր բաղադրիչների և ոլորտների հիմնախնդիրների որակական ու քանակական հետազոտություններ և եզրահանգումներ։

Վերը նշված տեղեկատվությունից բխում են հետևյալ հարցերը.

– Հնարավո՞ր է արդյոք ՀՀ տարբեր շրջաններում և հիմնականում համեմատաբար միջինից բարձր տարիքի բժիշկների մոտ ապահովել էլ-առողջապահություն համակարգչային ծրագրի լիարժեք տիրապետումը և ինչպե՞ս։

– Արդյոք ծրագիրը ներկայացնելու և ուսուցանելու դասընթացներին մասնակցությունից հետո ստուգվելու՞ և գնահատվելու՞ են այդ դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, քանզի մասնակցությունը դեռևս չի կարող երաշխավորել իմացությունը։

– Ինչպե՞ս է ապահովվելու լավագույն տեխնիկական հեռահաղորդակցության հագեցվածությունը Հայաստանի ողջ տարածքում այն պարագայում, որ ներկայումս հեռավոր շրջանների բուժհիմնարկներում բացակայում են կամ շատ թույլ հզորություն ունեն և՛համակարգիչները և՛ ինտերնետային կապը: Ֆինանսավորվելո՞ւ են արդյոք այդ հիմնարկները անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու համար:

Էլ-առողջապահության առավելությունները (2 էջ 138-153)

Էլ-առողջապահությունն ընդլայնում է առողջապահական համակարգի հնարավորություններն ու սահմանները։ Այս համակարգի առավելություններն են.

– բուժօգնության որակի բարձրացում՝ շնորհիվ ցանկացած պահի և ցանկացած վայրում պացիենտի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկատվության հասանելիության, էլեկտրոնային դեղատոմսերի անսխալ ինքնաբերաբար վերահսկվող դուրս գրման և բուժման սխեմաների կազմման ուղեցույցային հավելյալ օժանդակող համակարգերի առկայության

– արդյունավետության բարձրացում՝ հիմնականում բացառում է կրկնակի հետազոտությունների կատարման անհրաժեշտությունը և նվազեցնում դրամի ու ժամանակի անիմաստ վատնումը

– բուժաշխատողների աշխատանքային ծանրաբեռնվածության նվազեցում և մարդկային պոտենցիալի փոխարինում տեխնոլոգիաներով

– բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների բարելավում չնայած այցերի քանակի նվազեցմանը: Հեռակոնսուլտացիաների, հեռաբժշկության, հեռախնամքի միջոցով բուժօգնության կազմակերպման հնարավորություն

– առողջապահության տարբեր ոլորտների գործառույթների հասանելիության սահմանների ընդլայնում և նոր տեսակների շարունակական ներմուծման հնարավորություն

– կրթական ծրագրերի կազմակերպում տարածության վրա

– բուժհիմնարկների միաձուլման հնարավություն մեկ ընդհանուր ցանցային համակարգում, առանց բուժանձնակազմի անդամների տեղաշարժման անհրաժեշտության։

Էլ-առողջապահության թերությունները (2 էջ 128-138, 153-161)

– հիասթափություն, որը սպառնում է էլ-առողջապահության հնարավորությունների գերագնահատված սպասումների դեպքում

– կեղծված նմանատիպ, բայց անորակ, հիմնականում առանձին բաղադրիչների, օրինակ հեռակրթական ծրագրերի հայտնվելու հավանականությունը ինտերնետում և դրանց վերահսկողության բարդությունը

– պացիենտի անձնական տվյալների հնարավոր շահարկումները, ներառյալ արտահոսքը

– ծրագիրը մատակարարողի, համակարգողի հնարավոր սխալների հավանականությունը համընդհանուր ստանդարտացման, սերտիֆիկացման և նրանց գործողությունների վերահսկման բացակայության պայմաններում, ինչը կարող է ինչպես ավերիչ ազդեցություն ունենալ համակարգի ողջ գործունեության վրա, այնպես էլ հանգեցնել անվտանգության խաթարմանը

– մեծամաշտաբ և երկարաժամկետ հետազոտությունների բացակայությունը, որոնք կապացուցեին առցանց բուժման և խնամքի արդյունավտությունը դասական բուժման ու խնամքի համեմատ

– սոցիալական մեկուսացման վտանգի ավելի մեծացումն ու միայնության զգացողության բարձրացումը

– առողջապահական համակարգում ոչ բոլոր ներկայացուցիչների կողմից տեխնոլոգիաներին և ինտերնետին տիրապետելու կարողությունը և դրանից բխող բացասկան հետևանքները

– անվտանգության հատուկ համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես օրինակ կրիպտոգրաֆիկ մեթոդների (Public Key Encryption) կիրառումը ICT համակարգի մատակարարի կողմից, ինչը կանխում է տվյալների շահագործման, կորստի և չարտոնված փոփոխման վտանգը։

Կիրառման ոլորտներն ու նպատակները (2, էջ 38-62)

Ըստ կիրառման՝ էլ-առողջապահության համակարգը կարելի է ստորաբաժանել 3 հիմնական խոշոր ոլորտների, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է տարբեր ենթաոլորտների.

1. Էլ-բժշկական խնամք, որը ներկայացնում է հեռաբժշկությունը և ենթաբաժանվում էլեկտրոնային ախտորոշման, թերապիայի ու խնամքի ենթաոլորտների։

էլ-ախտորոշումը իրականացնում է ախտորոշումը տարածության վրա շնորհիվ առցանց կոնսուլտացիաների բժիշկների և բժիշկ-պացիենտների միջև, իսկ ախտորոշման միջոցներ են հանդիսանում անամնեզը, պացիենտների գանգատները, կլինիկական նշանների լուսանկարները, լաբորատոր և ռենգեն հետազոտման արդյունքները և այլն։

Էլ-թերապիան բուժումն է տարածության վրա։ Այն հնարավորություն է տալիս իրականացնել առցանց հոգեթերապիան, դեղերի նշանակումը, հեռավիրաբուժությունը:

էլ-խնամքը ներառում է պացիենտի խնամքի ցուցումներն ու վիճակի վերահսկողությունը տարածության վրա:

2. էլ-խնամքին նպաստող ոլորտը կամ էլ-որակը հիմնականում ներկայացնում է հեռառողջությունը։ Այն իրականացնում է բուժաշխատողների հեռակա ուսուցումը, ներառում ինչպես բուժման գործընթացներին օժանդակող միջոցների (էլեկտրոնային ուղեցույցների ու բուժման սխեմայի կազմման համար նախատեսված հատուկ օժանդակող համակարգերի) առկայությունը, պացիենտների կողմից իրենց բժշկական ֆայլերի հասանելիությունը տարածության վրա, այնպես էլ բժիշկների հետ պայմանավորվածության օրվա ու ժամի գրանցումը և էլ-հաշվապահական գործառույթների իրականացումը։ Օրինակ՝ բժշկական նյութերի և սարքավորումների պատվերների իրականացումը, առքն ու վաճառքը։

3. էլ-հանրային առողջությունը։ Նպատակն է իրականացնել հանրային առողջապահական հիմնահարցերի մոնիթորինգը և տվյալների շտեմարանի արագ ու թափանցիկ հասանելիության շնորհիվ ապահովել հիվանդությունների կանխարգելման, տարածման և վերահսկողության գործընթացները։ Այն իրականացնում է նաև հանրային առողջության տեղեկատվական և կրթական գործառույթները։

Ֆինանսատնտեսական ասպեկտները (2, էջ 62-76) էլ-առողջապահության համակարգի արդյունավետ ներդրման և հետագա ընթացքի առաջընթաց գործունեությունը պահանջում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահար հաղորդակցության միջոցների անհրաժեշտություն, ինչն էլ իր հերթին պարտադրում է որոշակի ֆինանսական պաշարների առկայություն։ Հետևաբար այստեղ ի հայտ է գալիս որոշակի ֆինանսատնտեսական ասպեկտների դիտարկման կարևորությունը.

Ներդրումներն անհրաժեշտ են, սակայն ներդրվող բյուջեն հիմնականում սահմանափակ է լինում շատ երկրներում։ Հետևաբար, այստեղ ֆինանսական ծանրության հիմնական բեռն ընկնում է մասնավոր սեկտորի ուսերին, որն էլ այդ բեռը թոթափելու նպատակով պետք է փնտրի ու գտնի կամ արտաքին կամ ներքին ֆինանսավորման աղբյուրներ։ Ներքինը ենթադրում է սեփական հաստատության եկամուտների նվազում, իսկ արտաքինը՝ դժվարին և հաճախ միայն անարդյունք փնտրտուքների վրա ժամանակի վատնում։ Թեև կան նաև երկրներ, որտեղ տրամադրվում են պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից այսպես կոչված քաջալերող հավելավճարներ «մեղմելու» տվյալ բուժհաստատության կամ անհատի ֆինանսական ներդրման ծավալը։

– ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցության մասին կարող եք կարդալ (այստեղՓաստորեն ստացվում է այնպես, որ ՀՀ առողջապահական կազմակերպությունների ֆինանսական բեռն ընկել է պետության առանց այդ էլ սակավ բյուջեի ուսերին, միայն թե հնարավոր լինի վճարել ՏՏ ծրագրի օտարերկրյա մատակարարին, երբ կարող էինք սեփական երկրում ունենալ (ստեղծել) միջազգային ստանդարներին համապատասխանող ՏՏ ծրագրի տեղական մատակարար ու ներդրումներն ուղղել հենց այդ գործընթացին: Հնարավոր էր շատ ավելի շահավետ ֆինանսական համաձայնագրեր կնքվեին ներքին մատակարարի հետ, քան արտաքին:

– Ֆինանսական փոխհատուցման բացակայություն կամ սահմանափակ լինելը: Այսպես օրինակ՝ ԱՄՆ հեռակոնսուլտացիաների համար սահմանված են դրամական փոխհատուցումներ, բայց խիստ ցածր է արժեքը համեմատած իրական կոնսուլտացիաների։ Նորվեգիայում փոխհատուցվում է հեռաբժշկությունը, ընդ որում Նորվեգիան էլ-առողջապահության արդյունավետ գործունեության կազմակերպման առաջատարներից մեկն է։ Այս հարցի լուծումը պահանջում է էլ-առողջապահության տարբեր ոլորտներում նպատակաուղղված ենթակառուցվածքային բաղկացուցիչների փոխհատուցման ծրագրի մշակման անհրաժեշտություն, որի իրագործումը դեռևս պահանջում է համընդհանուր դրույթների սահմանում և ներդրում անգամ էլ-առողջապահությունն արդեն ներմուծած բոլոր երկրներում։ Սա ֆինանսապես արգելափակող ևս մի օղակ է, որի լուծումը դեռևս անորոշ է։

– Եկամուտ-ծախսերի անալիզի անհրաժեշտություն։ Ցավոք ասպարեզում բացակայում են այնպիսի մեծածավալ հետազոտությունները, որոնք կտային ամբողջական և սպառիչ պատասխան։ Ավելին, որոշակի դեպքերում նշվում է եկամուտների բարձրացում էլ-առողջապահության ներմուծմամբ, սակայն շատ դեպքերում անորոշություն է տիրում կամ նույնիսկ գրանցվում է եկամուտների նվազում։ Հետևաբար, առկա չէ հստակ պատասխան տվյալ հարցում, նույնիսկ չնայած էլ-առողջապահության նորագույն ոլորտների ներդրման, որևէ սպառիչ մեծածավալ հետազոտմամբ ապացուցված չէ դրա եկամտային արդյունավետությունը ի համեմեմատ դասական բժշկության։

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումը ներառված էր ՀՀ կառավառության 2017թ․ գերակա խնդիրների ցանկում (3): Ըստ ՀՀ կառավարության 2018թ․ հունվարի 17-ի պաշտոնական լրահոսի 2017թ. մայիսից պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունները ֆինանսավորվում են էլ-առողջապահական համակարգում (e-health) իրականացված գրանցումների համաձայն։
Նշվել է, որ ֆինանսական միջոցների տնտեսումներ են նախատեսվում գնման գործընթացների կենտրոնացման արդյունքում։ Այդ է վկայել պիլոտային ծրագրի շրջանակում ապահովված շուրջ 24 տոկոս տնտեսումը։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերը միասնական կանոններով ձեռք բերելու մեխանիզմ՝ սահմանելով միասնական գին: Հիվանդանոցային որոշ ծառայությունների նյութածախսը կազմող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը նույնպես նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից կենտրոնացված գնումներով: Նպատակը պետական պատվերի գների նվազեցումն է, ինչի հաշվին ավելի շատ քաղաքացիներ կօգտվեն տվյալ ծառայություններից։

Ըստ ՀՀ էլ-առողջապահության համակարգի ներդրման աշխատանքները համակարգող և իրականացող ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի պաշտոնական տեղեկատվության՝ պիլոտային համակարգը գործարկվել է Հայաստանի 6 բուժհաստատություններում 2015թ. 4-րդ եռամսյակի ընթացքում:

Էլ-առողջապահության առաջարկվող համակարգի արդյունավետության նախնական պատկերը կազմելու համար օգտակար կլիներ տեղեկանալ, թե պիլոտային ծրագրի գործարկման ամբողջական արդյունքների պաշտոնական զեկույցները որտե՞ղ են հրապարակվել և ենթարվե՞լ են արդյոք դրանք կրկնակի վերահսկիչ ստուգման:

Տեղեկատվական տեխնոլոգիների չափորոշիչները (2, էջ 110-128)

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիանների (Information and communications technology – ICT) ներդրման գործընթացում չափազանց կարևոր է ստանդարտների առկայությունը, որն ապահովում է համընդհանուր տեխնիկական լեզվի դյուրին ընկալումը հաղորդակցության ընթացում։ Միջազգային տնտեսագիտության շատ մասնագետներ համարում են, որ տնտեսության զարգացման կարևոր գործոնը համընդհանուր և հասանելի ստանդարտների առկայությունն է տվյալ համակարգը կիրառող բոլոր անդամների համար և նա, ով տիրապետում է ստանդարտներին, ղեկավարում է տնտեսական շուկան։ Ստանդարտացման համընդհանուր հասանելի չափանիշների շնորհիվ ստեղծվում է ընտրության հնարավորություն առկա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մատակարարների միջև և խթանվում է մրցակցությունը, ինչն էլ նպաստում է տվյալ դաշտի զարգացմանը։ Շատ կարևոր է ծրագրի ստանդարտների սահմանումը ո’չ թե մասնավոր սեկտորների, այլ օրինակ «Ստանդարտացման միջազգային կազմակերպության» (ISO) կողմից, որոնք աննախապայման հասանելի են և բաց՝ այն կիրառողների համար: Սակայն երբ ստանդարտները սահմանվում են ՏՏ միակ մատակարարի կողմից, ապա այդ մատակարարը հանդիսանում է ստանդարտների միակ սեփականատերը և ստեղծվում է մենաշնորհային դաշտ, որտեղ գործում է վերը նշված «օրենքը»/«կանոնը», որի համաձայն մատակարարը տիրապետում է ՏՏ (IT) համակարգի ստանդարտներին, հետևաբար նաև ղեկավարում է շուկան և ձևավորվում է մի իրավիճակ, որի արդյունքում անընդհատ աճում է վերջինիս շուկայական գերիշխանությունը և առանց հնարավոր մրցակցության այլ ՏՏ մատակարարների միջև՝ դառնում մենաշնորհային։

Վերոհիշյալ անցանկալի իրավիճակից կարելի է խուսափել, եթե առկա լինի open source software, որը համակարգչային ծրագրերի աղբյուրի ծածկագիրը հասանելի է դարձնում այն կիրառողներին: Համակարգը կիրառողը դադարում է այլևս կախյալ լինել հնարավոր միակ ՏՏ մատակարարից և միայն նրա ծրագրավորողի կողմից համակարգում իրականացվող հնարավոր փոփոխություններից, այսինքն մենաշնորհային դաշտը արգելափակվում է: Նախ և առաջ կիրառողների պահանջով մշակվում է համապատասխան իրավասու մասնագետների կողմից էլ-առողջապահության ICT ներկայացվող պահանջները և մատակարարները կազմում են համապատասխան ծրագիրը և այն ծածկագրերի միջոցով (open source software) հասանելի դարձնում կիրառողների համար և այդպիսով ապահովվում է ինչպես ծրագրերի համընդհանուր ստանդարտացումը, մատակարարների միջև մրցակցությունը, այնպես էլ երաշխավորվում է պատվիրատուի ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը:

Հաջորդ կարևոր պայմանը ինտերնետի և բջջային հեռախոսների (m-health) ստանդարտացումն է, ինչը սահմանված է ինտերնետային փոխանցման վերահսկողության պրոտոկոլների (Internet and Transmission Control Protocol) և բջջային հեռախոսների հաղորդակցական գլոբալ համակարգի (Global System for Mobile Communications) կողմից, այսինքն դրանք արդեն ստանդարտացված են։ Էլ-առողջապահության արդյունավետ գործունեությունը պայմանավորված է գլխավորապես տվյալների փոխանցման ստանդարտացման համակարգով։ Պակաս կարևոր չէ նաև ՏՏ սերտիֆիկացումը, որը երաշխավորում է տվյալ ՏՏ համակարգի ծառայությունների ստանդարտներին համապատասխանությունը։ Սակայն ICT արտադրանքները հազվադեպ են սերտիֆիկացվում և այն իրատեսորեն գրեթե անհնարին է իրագործելը, քանի որ ICT շատ արագընթաց են զարգանում և սահմանած ստանդարտները կիրառելի են միայն տվյալ կարճ ժամանակահատվածի համար։

Ըստ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի պաշտոնական կայքի տեղեկատվության՝ 2010թ. դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և առողջապահության նախարարության միջև ստորագրված հուշագրի համաձայն ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն համակարգելու և իրականացնելու է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքները: 2012թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: 2013թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության աշխատակազմը որպես համակարգի մատակարար ընտրեց խորվաթական «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությանը:

Իրավաբանական հարթության հիմնախնդիրները (2 էջ 76-110)

Էլ-առողջապահական համակարգի ներմուծումն ի հայտ է բերում նաև իրավական մի շարք հիմնախնդիրների օրինական կարգավորման, և որ ավելի նպատակահարմար է էլ-առողջապահության հատուկ օրենքի առկայության անհրաժեշտություն, որը կհիմնվեր միջազգային իրավական չափանիշների վրա, բայց կսահմանվեր տվյալ տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունների համաձայն։ Էլ-առողջապահության և իրավաբանական հիմնախնդիրների բախման խաչմերուկում ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր, որոնցից կարևորագույնները թերևս հետևյալներն են.

– որո՞նք են պացիենտի իրավունքները էլ-առողջապահության շրջանակում

– արդյո՞ք պացիենտի տվյալների գաղտնիությունը լիարժեք երաշխավորված է

– ինչպե՞ս կարող է պացիենտը վստահ լինել, որ այս համակարգը նրան մատուցում է լավագույն հնարավոր բուժման տարբերակն ու խնամքը ի համեմատ դասական բժշկության

– ինչպե՞ս կարող է պացիենտը բացահայտել հնարավոր բոլոր իրավական նորմերի խախտումները և պահանջել դրանց կարգավորումը

– ո՞վ է պատասխանատու հնարավոր իրավական խախտումների համար տվյալ համակարգի կառուցվածքային «բազմանդամ անդեմ ընտանիքում»։

Պացիենտի իրավունքները էլ-առողջապահության շրջանակում բխում են պացիենտի հիմնարար իրավունքներից.

1. Տեղեկացված համաձայնության իրավունք, համաձայն որի պացիենտին անհրաժեշտ է տալ ամբողջական և լիարժեք տեղեկություն էլ-առողջապահության համակարգում իր տվյալների գրանցման, պահպանման, տարածման մեթոդների և դրանց կիրառման դրական ու հնարավոր բացասական հետևանքների մասին։ Այնուհետև միայն ստանալ նրա գրավոր համաձայնությունը կամ ծրագրում ակտիվացնել հատուկ համապատասխան համաձայնության կոճակը, որը կարող է իրականացնել ինչպես պացիենտը, այնպես էլ իրավասու բուժաշխատողը, սակայն պացիենտի պարտադիր ներկայությամբ։

2. Տեղեկատվության փոխանցման սահմանափակման իրավունք։ Պացիենտը իրավունք ունի սահմանափակել իր որոշակի տվյալների հասանելիությունը թերապևտիկ փոխհարաբերություններում, այսինքն իրեն բուժող տարբեր մասնագետների շրջանակներում։ Այս իրավունքը բարդացնում է տվյալների ամբողջական հասանելիությունն անհրաժեշտության դեպքում, սակայն բխում է հիվանդի ազատ կամարտահայտման (self-determination) հիմնարար իրավունքից։ Սակայն բացառություն է թերապևտիկ արտակարգ իրավիճակը, երբ բժիշկն անկախ հիվանդի համաձայնության առկայության, կարող է նայել տվյալներն ի շահ պացիենտի (կամ համընդհանուր հասարակական անվտանգության), օրինակ՝ շտապ օգնության կանչով անգիտակից հիվանդը տեղափոխվել է բուժհիմնարկ և որոշակի տվյալներ հրատապ անհրաժեշտ են հիվանդի կյանքը փրկելու համար։ Նշենք նաև, որ հիվանդի կյանքի ու հիվանդության պատմությանն առնչվող տեղեկատվությունը պետք է սահմանփակվի միայն այն շրջանակներում, որոնց հետ պացիենտն ունի թերապևտիկ փոխհարաբերություններ, բացառելով տվյալների փոխանցումը երրորդ անձանց։

3. Համաձայնության վերանայման իրավունք: Ցանկացած պահի պացիենտը կարող է վերահաստատել կամ ժխտել իր համաձայնությունը և սահմանափակել ու ընդլայնել դրա փոխանցման սահմանները։

4. Իր տվյալների շտեմարան անմիջական մուտքի, անձնական տվյալների փոփոխման և ստուգման իրավունք։ Վերջին դրույթը հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել տվյալները ներմուծողների, կիրառողների և փոփոխողների վրա։ Օրինակ՝ տվյալների շտեմարան մուտք գործող յուրաքանչյուր իրավասու անհատ պետք է ունենա իր հույժ գաղտնի մուտքի տվյալները և եթե նրա կողմից իրականացվել է որոշակի փոփոխություններ կամ հակաիրավական գործողություններ, ապա պացիենտը պետք է կարողանա տեսնել, թե երբ, ում կողմից և ինչպիսի գործողություններ են իրականացվել իր էլ-թղթապանակում։

էլ-առողջապահության իրավաբանական հիմնախնդիրները կարելի է ստորաբաժանել ըստ.

– անձնական տվյալների պաշտպանության

– տեղեկատվական տեխնոլոգիաների ստանդարտների ներդրման

– առողջապահական համակարգի ստանդարտացման

– պատասխանատվության ստանձնման

– ֆինանսական փոխհատուցման կանոնակարգման

– արտերկրյա բուժհիմնարկների ճանաչման

– իրավական տարաձայնությունների ծագման։

Եթե դիտարկենք միզազգային օրենքը, ապա ԵՄ երկրներում այն կարգավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի» (1950թ.) համաձայն, որով պաշտպանվում է նաև անհատի անձնական տվյալների անձեռնամխելիությունը, իսկ 1997թ. փետրվարի 15 No. R(97) 5 եվրոպական համաձայնագրի հրամանով, բացի բժշկական տվյալների պաշտպանությունից, դրույթներ է սահմանում նաև դրանց մշակման վերաբերյալ։ ԱՄՆ-ում պացիենտի անձնական տվյալների պաշտպանությունը սահմանվում է «Առողջապահական ապահովագրության շարժունակության ու պատասխանատվության օրենքով» (Health Insurance Portability and Accountability Act of 1996), որը միակ ֆեդերալ մակարդակով ընդունված կարգավորման օրենքն է։ Նշենք, որ այս օրենքը պատժամիջոցներ (դրամական տուգանքներ և ազատազրկում) է սահմանում խախտողների համար։

Ընդհանուր առմամբ, էլ-առողջապահությունը բարդ կառուցվածքային օղակներից կազմված համակարգ է, որի կանոնակարգված գործունեության համար անհրաժեշտ է հաշվի առնել դրա առանձնահատկությունները և այն համաձայնեցնել ինչպես «Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի», այնպես էլ Առողջապահական իրավունքի՝ մասնավորապես պացիենտի անձնական տվյալների պաշտպանություն, մշակման, փոխանցման և տարածման օրենքի դրույթներին, սահմանելով նրբություններն ու բացառությունները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության հարցերին։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համակարգի

չափորոշիչների (ստանդարտների) ներդրման հիմնախնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների համընդհանուր ստանդարտների և հստակ մշակած ենթակառուցվածքի դրույթների բացակայությունը, ինչպես արդեն այդ ստանդարտները նկարագրելիս նշվել է, շնորհում է ծրագրի մատակարարին անընդհատ արագընթաց աճող գերիշխանություն, բացի այդ հանգեցնում է ծրագրում սխալների հավանականության մեծացման ու դրանց վերահսկման բարդության։ Եվրոպական մակարդակով առկա է «Եվրոպական ստանդարտացման հանձնաժողով» (Europese Standaardisatie Commissie (CEN) French: Comité Européen de Normalisation) (4), որը կարևոր համընդհանուր հիմնադրույթներ է սահմանել, սակայն ոչ բոլոր ԵՄ երկրներն են այն կիրառում, քանի որ ազատ ընտրության հարց է։ Ու ստացվում է այնպես, որ երբեմն հենց այդ ազատ ընտրության հնարավորությունը հանգեցնում է խնդիրների առաջացմանը, քան կանխմանը։

Առողջապահական համակարգի ստանդարտացման հիմնախնդիրները

Էլ-առողջապահական տարբեր ոլորտներում չափորոշիչների բացակայությունը, օրինակ՝ հեռաբժշկության կամ հեռակոնսուլտացիաների հստակ սահմանված չափորոշիչների բացակայությունը։ Որակի և արդյունավետության վերահսկման ու գնահատման համար չափորոշիչները խիստ անհրաժեշտ են և պետք է հիմնվեն բուժօգնության և առողջապահության մասին օրենքի ու էթիկայի չափանիշների վրա։

Պատասխանատվության ստանձնման հիմնախնդիրները

Իրավական խախտումների բացահայտման դեպքում հարց է ծագում, ո՞վ է պատասխանատուն, քանի որ Էլ-առողջապահական համակարգի շղթան կազմված է մի քանի օղակներից և խախտման պատճառը կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ դրա մի քանի օղակները: Բացի այդ, այստեղ ի հայտ է գալիս ևս մեկ այլ խնդիր՝ խախտման իրական հասցեատերի չբացահայտման հավանականությունը, եթե օրինակ, առկա չէ նույնացման կրկնակի համակարգ և ծածկագիրը ինչ-ինչ պատճառներով կամ հետևանքներով հայտնվել է ոչ իրավասու անձի կամ ոչ իրական հասցեատիրոջ ձեռքին։ Ընդհանուր առմամբ պատասխանատվության ենթարկվում են ինչպես բժշկական սխալի, այնպես էլ բժշկական անփութության համար: Դրանք կարող են արտահայտվել ինչպես մասնագիտական գործողությունների համընդհանուր սահմանված չափանիշների խախտմամբ, այնպես էլ անորակ սարքավորումների և նյութերի կիրառմամբ։

Ֆինանսական փոխհատուցման կանոնավորման հիմնախնդիրները

Ֆինանսական փոխհատուցման խնդիրը հարկ է կարգավորել կառավարության որոշումների ու օրենքների հիման վրա՝ հաշվի առնելով տվյալ երկրի ու առողջապահական համակարգի բյուջեի պաշարները (սուբսիդավորման, վճարումների, էլ-առողջապահության որոշակի ոլորտների ծառայությունների փոխհատուցման գներն ու կարգը)։

Արտերկրյա բուժհիմնարկների ճանաչման և իրավական տարաձայնությունների ծագման իրավական հիմնախնդիրները ծագում են այն ժամանակ, երբ օրինակ հիվանդը ստանում է բուժօգնություն մի երկրում, որտեղ գործող էլ-առողջապահության օրենքի հիմնադրույթները տարբերվում են տվյալ բնակչի ծննդավայրում կամ հիմնական բնակության վայրում գործող օրենքներից, հետևաբար առաջանում են իրավական տարաձայնություններ, որը կարգավորման իր ուրույն մեխանիզմներն ունի, սակայն ընթանում է ավելի բարդ ուղով։

ՀՀ բնակչության անձնական տվյալների պաշտպանությունն

էլ-առողջապահության համակարգում

Անձնական տվյալների պաշտպանությունն էլ-առողջապահության ամենակարևոր հիմնախնդիրն է և ենթադրում է միայն հիվանդի համաձայնությամբ նրա տվյալների մուտքի հնարավորություն էլեկտրոնային համակարգ, չնայած որոշակի սահմանափակ բացառությունների առկայության։ Կարևոր է նաև առցանց տվյալների շտեմարան մուտք գործող անձի ինքնաբերաբար բացահայտումը և նրա կողմից անհրաժեշտության դեպքում տվյալների փոփոխության ժամանակ պացիենտի համաձայնության առկայությունը։ Անձնական տվյալների պաշպանության օրենքը տարածվում է նաև բժշկական գաղտնիքի պահպանման պարտավորության վրա։ Այս հիմնախնդրի շրջանակներում ընդհանուր դրույթները «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ» (18.05.2015թ․) սահմանվում են Գլուխ 1-8, 1-29 հոդվածներով։ Մասնավորապես անդրադառնանք «ԳԼՈՒԽ 7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼԸ» 26 և 27 հոդվածներին (5).

Հոդված 26. Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը

1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ։

2. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ միջպետական պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ.

2) օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:

Հոդված 27. Անձնական տվյալներն այլ պետություններ փոխանցելը

1. Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից եւ (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար:
2. Առանց լիազոր մարմնի թույլտվության անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն, եթե այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե՝

1) անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան.

2) անձնական տվյալները փոխանցվում են լիազոր մարմնի կողմից պաշտոնական հրապարակված ցուցակում ընդգրկված որեւէ երկիր:

3. Անձնական տվյալները կարող են փոխանցվել բավարար պաշտպանության մակարդակ չապահովող պետության տարածք միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե անձնական տվյալները փոխանցվում են պայմանագրի հիման վրա, եւ պայմանագրով նախատեսված են անձնական տվյալների պաշտպանության այնպիսի երաշխիքներ, որոնք լիազոր մարմնի կողմից հաստատվել են որպես բավարար պաշտպանություն ապահովող:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է նախքան այլ երկիր տվյալներ փոխանցելը գրավոր դիմել լիազոր մարմին` թույլտվություն ստանալու հայտով: Հայտում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է նշել այն երկիրը, որտեղ փոխանցվում են անձնական տվյալները, անձնական տվյալները ստացող սուբյեկտի նկարագրությունը (անվանումը, իրավակազմակերպչական ձեւը), անհատական տվյալների նկարագրությունը (պարունակությունը), անձնական տվյալների մշակման, անձնական տվյալները փոխանցելու նպատակը եւ պայմանագիրը կամ դրա նախագիծը: Լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում պարտավոր է թույլատրել կամ մերժել հայտը: Լիազոր մարմինը կարող է անձնական տվյալներ մշակողից պահանջել լրացուցիչ տեղեկություններ` պահպանելով հայտը դիտարկելու ժամկետը: Այն դեպքում, երբ լիազոր մարմինը կգտնի, որ պայմանագրային երաշխիքները բավարար չեն, պարտավոր է նշել այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կապահովեն անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներ:

5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է վերանայել անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների ցուցակը եւ հրապարակել փոփոխությունները պաշտոնական տեղեկագրում եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում, իսկ ոչ պետական մարմիններին` սույն հոդվածի նորմերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ․ հունվարի 26-ի N 95-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշում է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկությունը (6): Տեղեկացնեմ նաև, որ «Sylex SARL»-ը առողջապահական ոլորտի ու ապահովագրությունների օպերատոր է սկսած 2009թ-ից, որի գլխավոր գրասենյակը Շվեցարիայում է և ունի ընդամենը երկու գրասենյակ ամբողջ աշխարհում, մեկը՝ ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետությունում։

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ,

Հետևաբար, խույս տալու համար հետագա լուրջ խնդիրներից, հարկ է նախապես գծագրել ոչ միայն էլ- առողջապահության ներդրման գործընթացը, այլ դիտարկելհետագա գործունեության հետևանքով ծագող հնարավոր խութերն ու որոգայթները՝ լիարժեք ու անվտանգ դարձնելով ողջ ընթացքը։ էլ-առողջապահության առավելություններին զուգընթաց, հարկ է կանխատեսել ռիսկերն ու վտանգները և կանխել դրանք՝ մշակելով հատուկ «կանխարգելիչ» մեխանիզմներ։ Հրատապ է գլխավորապես անվտանգության հիմնախնդիրները։ Սպառիչ պատասխան է անհրաժեշտ տալ հատկապես հետևյալ խիստ մտահոգիչ հարցերին.

1. Ինչպե՞ս և ո՞ր կառույցն է վերահսկելու մեր ազգաբնակչության անձնական տվյալների պաշտպանության և հնարավոր չարաշահման դեպքերը, ինչպես ներքին՝ ներհամակարգային, այնպես էլ արտաքին՝ օտերերկրյա գործընկերների կողմից։

2. Ինչպիսի՞ իրավական ակտերով են կարգավորվելու օտարերկրյա և հայրենական գործընկերների իրավական փոխհարաբերությունները։ ՀՀ -ում գործող օրենքո՞վ, թե՞…

3. Ո՞վ կամ ովքե՞ր և ինչպե՞ս են կիսելու պատասխանատվությունը հնարավոր չարաշահումների բացահայտման դեպքում։

Հատուկ վերահսկիչ մեխանիզմների բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների և սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար, եթե օտարերկրյա գորընկերների հետ փոխհարաբերությունները կանոնավորվեն միայն պայմանագրային կետերով՝ թողնելով նրանց բարի կամքով պարտականությունների կատարմանը, ապա հետևանքները անկանխատեսելի կարող են լինել։

Ուստի հարկ է պարզաբանել վերոհիշյալ հարցադրումները և սահմանել վերահսկողության մարմիններն ու գործառույթները ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մակարդակով։

Կարծում եմ, որ նախքան էլ-առողջապահության համակարգի վերջնական գործարկումը Հայաստանի Հանրապետությունում, խիստ անհրաժեշտ է ստուգել առաջարկվող մոդելի համապատախանությունը միջազգային չափորոշիչներին, և փարատել ինչպես բուն համակարգի, այնպես էլ իրականացման (ներառյալ իրականացնող կազմակերպության) կապակցությամբ բարձրաձայնած բոլոր մտահոգությունները՝ կանխելով հետագա վտանգներն ու անհաջողությունները։

Որպես վերջաբան բարեմաղթում եմ ցանկացած բարդ իրավիճակում աչալրջություն, հետևողականություն ու կամքի անկոտրուն դրսևորում։

Բարին ընդ ձեզ։

Աննա ՄԱՐԴԱՆՅԱՆ

Ձեռներեց ստոմատոլոգ
«Առողջապահության օրենսդրություն և էթիկա»
«Առողջապահության կազմակերպում» հավատարմագրված մասնագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում