ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերը կարևորեցին պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում