Աստղիկ Մաթեւոսյան. «Վերադարձանք պատմական ժամանակներ, երբ մարդիկ հետապնդվում են կարծիքի արտահայտման համար»

Աստղիկ Մաթեւոսյան. «Վերադարձանք պատմական ժամանակներ, երբ մարդիկ հետապնդվում են կարծիքի արտահայտման համար»

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Մի քանի օր առաջ տեղեկացանք, որ Նարեկ Սամսոնյանին հեռախոսազանգով հրավիրել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն սոցիալական ցանցում արված ինչ-որ գրառման համար։ Թե որն էր բուն պատճառը, ոչ ոքի համար հասկանալի չէր։ Բայց ակնհայտ էր, որ սա խոսքի ազատության դեմ արշավի ևս մի շղթա է։

Այսօր տեղեկացանք, որ դիմումը ոստիկանություն է ներկայացվել Սեյրան Օհանյանի փաստաբանի կողմից, իբր Նարեկն իր ֆեյսբուքյան գրառման մեջ սպառնացել է Սեյրան Օհանյանին։ Առաջին հայացքից կարող է զավեշտալի թվալ, որ գեներալ-գնդապետը կարող է վախենալ իր անվտանգության համար հիմք ընդունելով ֆեյսբուքում տեղ գտած մի գրառումը (հետաքրքիր է, որ նա չէր վախենում, երբ իր անվերապահ զորակցությունն էր հայտնում 3 ոստիկան սպանած զինված խմբի անդամներին): Բայց զավեշտալի թվացող այս իրավիճակը երկրում ստեղված անմխիթար իրավիճակի տրամաբանության մեջ է։

Կարծիքի արտահայտման դեմ արշավի մեկնարկը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, ով հրապարակային կոչ արեց «խոսելուց առաջ մտածել», որին հաջորդեցին լրատվամիջոցներին ուղղված հաթաթաները։ Իսկ ներկայումս թիրախավորվել են սոցիալական հարթակում արված գրառումները, բայց ոչ բոլորը, այլ միայն նրանք, որոնք իրենց մեջ քննադատություն են պարունակում։ Սա նման է այն պատմական ժամանակներին, երբ «այլախոհներին» մատնագրերի հիման վրա ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ։

Այնուամենայնիվ, «այլախոհությունը» մերժող մեր սիրելի հայրենակիցներին, նախկին ու ներկա պաշտոնյաներին ուզում եմ հիշեցնել, որ ազատ խոսքի պաշտպանությունը Սահմանադրության 42-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքերով տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ ու չեզոք, այլ նաև նրանց, որոնք կարող են «վիրավորել», ցնցել կամ անհանգստություն պատճառել անձանց: Իսկ երբ հրապարակային հայտարարությունները շոշափում են հանրային նշանակության կարևոր հարցեր, ապա վերը նշված պայմաններն առավել արդյունավետ են գործում։

Եվ որքան էլ, որ ներկայիս իշխանությունները կարմիր լույս վառած լինեն իրենց նկատմամբ քննադատական խոսքի և այդ խոսքը բարձրաձայնող անձանձ նկատմամբ սահմանափակումների բոլոր դրսևորումների համար, միևնույնն է քննադատություն լինելու է, որովհետև չքննադատել այս իշխանությանը, նշանակում է դրսևորել «հանցավոր անգործություն»։

Աստղիկ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում