ՌԴ ԱԳՆ պաշտոնյա. ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրներ Հայաստանին ու Բելառուսին չվստահելու հիմքեր չունենք

ՌԴ ԱԳՆ պաշտոնյա. ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրներ Հայաստանին ու Բելառուսին չվստահելու հիմքեր չունենք

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «ԵՄ Արևելյան գործընկերությունը մենք գնահատում ենք որպես ոչ միանշանակ նախաձեռնություն, ինչի մասին մշտապես ասում ենք նաև նրա նախաձեռնողներին ու մասնակից անդամ երկրներին։ Իհարկե, չնայած բոլոր «գեղեցիկ խոսքերին», Բրյուսելի կողմից դրա իրականացման իրական փիլիսոփայությունը ոչ մեկի մոտ պատրանքներ չի առաջացնում։ Իսկ այդպիսի փորձերի հետևանքները՝ մեզ մտերիմ երկրներին դնել ընտրության առաջ՝ «լինել Ռուսաստանի կամ Եվրոպայի» հետ, մենք լիովին կարող ենք տեսնել Ուկրաինայում»,- «Комсомолськая Правда»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արևելյան գործընկերության ծրագրով Արևմուտքը չի փորձում հեռացնել նրա անդամ հանդիսացող երկրներին՝ Հայաստանին ու Բելառուսին, Ռուսաստանից, որոնք նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամներ են։

Կելինը նաև նշել է, որ միևնույն ժամանակ իրենք ըմբռնումով են մոտենում հայ ու բելառուս գործընկերների հետաքրքրվածությանը ծրագրին, որը նրանց կողմից դիտարկվում է որպես Եվրամիության հետ հարաբերությունները խթանելու հնարավորություն՝ այդ թվում նաև իրենց տնտեսությունների զարգացման համար։

«Սրանք մեր հավատարիմ դաշնակիցներն են ու մենք նրանց չվստահելու հիմքեր չունենք»,-ասել է Կելինը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նշում է, որ իրենք դեմ չեն միջազգային փորձով արդիականացմանը, իրենք էլ պատրաստ են Եվրամիության հետ կառուցողական համագործակցության՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի ֆորմատով՝ «սակայն յուրաքանչյուր համագործակցություն պետք է լինի հավասար ու փոխշահավետ, չհանգեցնի բաժանարար գծերի ու խոչընդոտների, ձևավորված պատմական կապերի ոչնչացման»։

Կելինը կարծում է, որ Արևելյան գործընկերության հիմնական խնդիրը սա է, քանի որ «տեսնում են Բրյուսելի ակնհայտ փորձը՝ մենաշնորհելու նախկին ԽՍՀՄ երկրների տնտեսությունների արդիականացման թեման՝ անտեսելով եվրասիական ինտեգրման գործընթացները»։

Կելինը հավելել է նաև, որ իրենց կողմից ակտիվորեն աշխատում են Արևելյան գործընկերության շտկման ուղղությամբ, իսկ «ներսից» իրենց օգնում են հենց Հայաստանն ու Բելառուսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում