Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված խոսել ադրբեջանցիների անունից

Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված խոսել ադրբեջանցիների անունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց առկա դրությունը ու նշեց, որ իր մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված խոսել ադրբեջանցիների անունից:

«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը, կոնկրետ ես, կարող եմ բանակցել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանի Հանրապետության անունից, և չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցել, հետևաբար ոչ ԱԺ-ին, ոչ վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցություններում հանդես գալ իր անունից: Բայց Ղարաբաղի ժողովուրդն ունի իր ընտրությունները, ընտրում է իր ԱԺ նախագահին, և ուրեմն ընտրությունների միջոցով ձևավորել է մարմիններ, որոնց տվել է իր անունից հանդես գալու լիազորություն: Հետևաբար՝ մենք ասում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Ղարաբաղի անունից պետք է հանդես գա Ղարաբաղի ներկայացուցիչը: Մենք արձանագրում ենք, որ չենք պատրաստվում Ղարաբաղի փոխարեն կայացնել որոշումներ, մենք որոշումներ կարող ենք կայացնել մեր փոխարեն: Չնայած մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և մենք ասում ենք, որ Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև դեռևս 1994թ. Բուդապեշտի ֆորմատով (1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի արդյունքում որդեգրվել է բանակցությունների եռակողմ ձևաչափ՝ Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-խմբ.) Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցությունների կողմ:

Դրան ի պատասխանն Ադրբեջանն ասում է, որ իրենք էլ բանակցությունների կբերեն Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն` այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում:

Մենք ասում ենք՝ այդ մարդիկ այսօր էլ են բանակցություններին մասնակցում, և միշտ են մասնակցել բանակցություններին, որովհետև նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են Ադրբեջանում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, նրանց քվեարկությամբ է որոշվում՝ ով է Ադրբեջանի նախագահը, հետևաբար նրանք այդ քվեարկությանը մասնակցելու բերումով ունեն իրենց ներկայացուցիչը բանակցային ֆորմատում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի:

Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը դրանով ասում է, որ իրենց երկրում կան քաղաքացիներ, խոսքը նախկինում Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների մասին է, որոնց ներկայացնելու մանդատ իրենք չունեն: Եթե նրանք ասում են՝ այո, մենք հարցնում ենք՝ իսկ կարող է էլի ուրիշ քաղաքացիներ կան ձեր երկրում, որոնց Ադրբեջանի նախագահը չի ներկայացնում: Օրինակ՝ թալիշյան փոքրամասնությանը, կամ Կիրովաբադի, կամ Ղազախի բնակչությանը ներկայացնո՞ւմ է Ադրբեջանի նախագահը, թե ոչ:

Հետևաբար` հարց է առաջանում, այդ քաղաքացիների շրջանակը որքանով է լայն, և ինչքանով է Ադրբեջանի գործող իշխանությունը լիազորված բանակցել Ադրբեջանի ժողովրդի անունից»,– ասաց Փաշինյանը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում