ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք. Դավիթ Տոնոյան

ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ դեպք, և դա չի արել տարիներ շարունակ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ամանորի գիշերը ժամկետային զինծառայողի մահվան դեպքին, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չէին հայտնել:

Նախարարի խոսքով, այժմ փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել: «Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելեց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց նաև, որ մեր օրերում տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, քանի որ վիճակագրությունը «խաչմերուկային» է իրականացվում: «Տեղեկատվություն ստանում եք և Դատախազությունից, և Քննչական կոմիտեից, և Պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել: Միաժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,– ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին հասարակությունն իմացել էր ոչ թե պետական մարմիններից, այլ լրատվամիջոցից։

Նշենք նաև, որ Ամանորից առաջ էլ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը մեկ այլ միջադեպ է գրանցվել Արցախի մարտական դիրքերից մեկում, որի հետևանքով վիրավորել է երեք զինծառայող։ Այս դեպքին անդրադարձավ Panorama.am-ը: Միջադեպի վերաբերյալ տեղեկությունն էլ հաստատեց Քննչական կոմիտեն. «2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում