Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը. Արա Զոհրաբյան

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը. Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաբաններին արված երկխոսության հրավերին՝ հարկային խնդիրների հետ կապված։

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փաստաբաններին է հրավիրել երկխոսության, կապված հարկային խնդիրների հետ:

Առաջարկին նախորդած մտքերից պարզ է դառնում, որ փաստաբաններս իրավական հռչակված պետության իշխանությունների կողմից ընկալված չենք:

Վարչապետի մի քանի մտքի կցանկանայի արձագանքել:

Վարչապետի խոսքով՝ «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ … Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի»:

Փաստաբանական համայնքը երբեք չի համարել և այժմ էլ չի համարում, որ փաստաբանները պետք է հարկեր չվճարեն: Հակառակը, փաստաբանների պալատը մշտապես փաստաբաններին հորդորում է վճարել սահմանված հարկերը՝ թեկուզև փաստաբանի անկախության համար:

Վերջին անգամ, 18.10.2018թ. բոլոր փաստաբաններին այդ մասով գրություն է հղվել: Հասկանալի չէ, թե նոր հարկային բեռի հետ կապված փաստաբանների արդարացված դժգոհությունը ինչու՞ է ներկայացվում օրինախախտի լույսի ներքո:

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ՝
– Հայաստանի Հանրապետությունը նաև սոցիալական և իրավական պետություն է.
– Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է.
– Շրջանառության հարկն արտոնություն չէ, այլ՝ հարկման հատուկ համակարգի հարկ.
– Շրջանառության հարկը վճարում է տարեկան մինչև 115 մլն. ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը.
– Փաստաբաններին շրջանառության հարկի ռեժիմից դուրս բերելը, պայմանավորված միայն իրավապաշտպան գործունեության բնույթով, անկախ շրջանառության ծավալից, խտրական վերաբերմունքի դրսևորում է, որի չունի որևէ հիմնավորում.
– Փաստաբանների գործերի զգալի մասը (այդ թվում՝ դատալեքս համակարգում արձանագրված) անհատույց (pro bono) գործեր են, որը կապված է մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի հետ.
– Հարկային նոր բեռը թանկացնելու է փաստաբանական ծառայությունների արժեքը և վնասելու է փաստաբանության զարգացմանը:

Վարչապետի խոսքով՝ «Քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են, և սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են։ Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ եկամուտները հաշվառելու։ Ոչ միայն փաստաբաններին, այլև մյուսներին հրավիրում ենք երկխոսության ու խոսակցության։ Մենք այստեղ որևէ մեկի հակառակորդը չենք, որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք, խնդիր ունենք ընդհանուր ջանքերով խնդիրը լուծելու»։

Վարչապետն իրավացի է: Փաստաբանները ներկայացնում են կազմակերպված համայնք և սիրում են պաշտպանվել: Հուսով եմ վարչապետը մեզ համար այնպիսի պայմաններ չի ստեղծի, որ այլ անձանց պաշպանելու փոխարեն ստիպված անցնենք մեր իրավունքների և շահերի ակտիվ պաշտպանությանը:

Ցավալի է, որ ֆինանսների նախարարությունը ժամանակին չի սկսել երկխոսությունը փաստաբանական համայնքի հետ և նախագծին կից չի ներկայացրել այդ խտրական մոտեցման հիմնավորումը: Հիմա վարչապետին փաստի առաջ են կանգնեցրել: Կամ «խոսքի տեր» լինելով առաջ են տանում օրինագիծն այդ տեքստով, դրանով իսկ բախվելով փաստաբանների վճռական դիմադրությանը (գործողությունների պլանը նախապես հրապարակել ենք) և բացասական հետևանքներին, կամ փորձում են իրական (ոչ ձևական) երկխոսության միջոցով կարգավորել խնդիրը:

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը, նախապես ամրագրելով հետևյալ հայեցակարգային պայմանները՝

1. Փաստաբանները պետք է վճարեն օրենքով սահմանված հարկերը.

2. Փաստաբանների նկատմամբ, կապված իրավապաշտպան գործունեության բնույթի հետ, խստացնող խտրական վերաբերմունքն անթույլատրելի է»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում