Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն

Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:

«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, հայտարարել էր, որ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան։

Նախարարն ասել էր նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։

«Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», – ասել էր Տոնոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում