Շիրակցիներին ներկայացվեց նորանշանակ մարզպետը

Շիրակցիներին ներկայացվեց նորանշանակ մարզպետը

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետարանի վարչությունների ղեկավարներին համայնքապետներին, մարզի ուժային և այլ կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ներկայացնելով մարզպետին՝ նախարարն արդյունավետ համագործակցության հույս հայտնեց:

«Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում Շիրակի մարզը դառնալու է կարևոր տնտեսական կենտրոններից մեկը: Այդ պոտենցիալը մարզն ունի թե՛ մարդկային հնարավորություններով, թե՛ աշխարհագրական դիրքով: Այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը մեծ անելիք ունեն: Ես վստահ եմ, որ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, դա լավագույն որոշումներից մեկն է, քանի որ Տիգրան Պետրոսյանը իր հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի է, ՀՀ լավ քաղաքացի է, լավ շիրակցի ու լավ գյումրեցի ու իր նվիրումով ու լավ աշխատանքով լավ ցուցանիշներ ենք արձանագրելու»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը՝ շնորհավորելով պարոն Պետրոսյանին, մաղթելով հաջողություն պատասխանատու և պատվաբեր գործում:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ 8 ամիս մարզը ղեկավարելու, հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար: Նախարարը համայնքապետերին ավելի նախաձեռնող ու ակտիվ լինելու կոչ արեց, իսկ նորանշանակ մարզպետին ներկայացրեց այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են նախկինում, բայց մինչ այս պահը լուծում չեն գտել: Դա հիմնականում առնչվում է զբոսաշրության զարգացման հետ:

«Մայրուղու հարակից հատվածներում գտնվող բնակավայրերի ու տարածքների վրա, զբոսաշրջիկների համար ցանկալի լինելու հարցը: Մենք խնդիր էինք դրել, որ մայրուղիների վրա գտնվող տնտեսավարող սուբյեկտներն իրենց տարածքներում ունենան օրենքով սահմանված սպասարկման հատվածներ՝ խոսքը վերաբերում է սանհանգույցներին: Սա մեր «ամոթներից» մեկն է, մի խայտառակ իրավիճակ: Նախորդ տարեվերջին ականատես եղա մի երևույթի, որը տեսա նաև այսօր, ինչը խոսում է այն մասին, որ ոչ մի բան չի արվել»,- նշեց նախարարը՝ հրահանգելով նորանշանակ մարզպետին հետևողական լինել: Նախարարը նաև առանձնացրեց աղբահանության հարցը: «Հարգելի համայնքապետեր, խնդրում եմ ուշադրություն դարձրեք համայնքներում աղբահանության խնդրին: Մինչև մարտի 23-ը կայանալիք համապետական շաբաթօրյակը մեզ հարկավոր է համայնքներում ունենալ փոփոխություն և այլ պատկեր»:

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց այն մեծ վստահության համար, որ ընձեռված է Շիրակի մարզը ղեկավարելու գործում: «Շիրակի մարզը խնդիրներով հարուստ է, բայց գիտենք առաջնային է աղքատության մակարդակն ու անօթևանության խնդիրը, բայց մարզը նաև հարուստ է հնարավորություններով: Մեր խնդիրն է այդ հնարավորությունները վերածել գործիքների, որոնք պետք է լուծեն այդ խնդիրներ: Ներդրումային ֆոնդի զարգացումն ու զբոսաշրջությունն այն գործիքներն են, որոնք այսօր կօգնեն այդ խնդիրները հաղթահարելու»,– նշեց մարզպետը՝ կարևորելով այն, որ մարդիկ, ովքեր պատրաստ են մարզում ներդրումների, պետք է զգան ՀՀ կառավարության աջակցությունը:

Տիգրան Պետրոսյանը հավելեց, որ հաջորդ շաբաթվանից կսկսվեն այցեր համայնքներ՝լսելու ինչպես համայնքների խնդիրների, այնպես էլ հնարավորությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում