Ի գիտություն ենք ընդունել. ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքի մասին

Ի գիտություն ենք ընդունել. ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ։

«Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով։

Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում:

Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:

Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան տրամադրել էր ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ, որում ասվում էր, որ «չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Չեն պաշտպանում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում