Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է. Բաբաջանյան

Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է. Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ երեկ իշխանական պատգամավորներից մեկի ելույթին։

«Նա ընդդիմության պատգամավորներին մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա արդեն գործելու ժամանակն է։ Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է, Ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրը անի, մենք էլ պետք է մեր խորհրդարանով վերահսկենք նրանց աշխատանքը։ Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից և ոչ մեկ չի պաշտպանում նրան, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել, երեկ էլ արդեն Պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս, մինչև երբ»,- ասաց Բաբաջանյանը։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ նա նշեց. «Անցած տասը ամիսներն ավելի քան բավարար էին այնպիսի ծրագրի մշակման համար, որը կդառնար առաջիկա ոչ միայն հինգ, այլև 10-15 տարիների զարգացման ուղենիշը, այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է, կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք»։

Նրա խոսքով՝ ծրագրում նկարագրված արտաքին քաղաքական հարաբերությունները հանգեցնում են մտավախության, որ արտաքին քաղաքական հարաբերությունները շարունակելու են վարել՝ հաշվի առնելով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկզբունքից և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից. «ՌԴ-ն դե ֆակտո հանդես է գալիս արտաքին հարաբերությունների խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, մինչդեռ ՌԴ հետ հարաբերությունների խորացումը պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության և ինքնիշխանության հարգանքի վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում