Փաստաբաններին Փաշինյանի հայտարարությունը մտահոգում է ու սովետական կարգերի մասին հիշեցնում

Փաստաբաններին Փաշինյանի հայտարարությունը մտահոգում է ու սովետական կարգերի մասին հիշեցնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Նորայր Նորիկյանը տարբեր պատճառներով չեն ցանկանում մեկնաբանել Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի: Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմ»։

Նորիկյանը կսպասի՝ հայտարարությունը նախագիծ դառնա, որպեսզի կարողանա ավելի հիմնավոր խոսել։ Մեկ այլ փաստաբան կառավարության ղեկավարի հայտարարությունը «մառազմ» որակեց, այլ բան ասել չցանկացավ։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում շատ լուրջ անհանգստություններ առաջացնող որակեց հիշյալ հայտարարությունը։

«Գործ ունենք մի երևույթի հետ, որը չի կարելի մակերեսային դիտարկել։ Իհարկե, տարբեր երկրներում կան հակակոռուպցիան բնույթի մեխանիզմներ, որոնք իրենց մեջ պարունակում են գույքի ծագման վերաբերյալ հարցադրումներ։ Բայց այն ձևակերպումները, որոնք տրվեցին վարչապետ Փաշինյանի կողմից, իմ պատկերացմամբ, չեն կարող որևէ կերպ համապատասխանել միջազգային փորձին»,-ասաց Մելիքյանը։

Նա մանրամասնում է, եթե խոսվում է մեղավորության կանխավարկածի մասին, ապա անմեղության կանխավարկածի ծավալի հաղթահարմանն է դա վերաբերում, այսինքն, ի՞նչ է պետք, որ հաղթահարվի անմեղության կանխավարկածը, և ոչ թե ի սկզբանե անձը պարտավոր լինի ապացուցել որոշակի հանգամանքներ։

«Եթե դրված չեն ինչ-որ նախնական փաստեր, որոնց հիման վրա նոր կարելի է անձին հարցնել, թե որտեղի՞ց նրան գույքը, գումարը, ապա մենք գործ ենք ունենալու մարդու իրավունքների համատարած խախտման ու կոռուպցիայի հետ, քանի որ հարց է առաջնալու, իսկ որտեղի՞ց պետք է սկսել և որտե՞ղ ավարտել։ Սա շատ լուրջ երաշխիքներ պահանջող համակարգ պետք է լինի»,-ասաց Մելիքյանը։

Փաշինյանի հայտարարությունը իրավաբանին հիմք է տվել կարծելու, որ ցանկացած մարդուց կարող են հարցնել իր գույքի ձեռքբերման աղբյուրները։ Սա էլ իր հերթին հարցերի շարք է ծնում՝ ովքե՞ր են լինելու այդ հարցնողները, ինչպե՞ս են որոշվելու առաջնահերթությունները, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողություն դրա նկատմամբ։

«Այս մեխանիզմը, չգիտեմ ովքեր են Փաշինյանին հավաստիացրել, որ մարդու իրավունքների եվրոպական համակարգի հետ համահունչ է, բայց ես վստահ եմ, այն կերպ, ինչպես ներկայացվեց վարչապետի կողմից, համահունչ լինել չի կարող։ Ես կարծում եմ, գործ ունենք մոտավորապես համընկնող փաստերի իրավիճակի հետ, այսինքն, այո, կա ինչ-որ մեխանիզմ, բայց դա ամենևին այնպիսին չէ, ինչպես նկարագրված է Փաշինյանի հայտարարության մեջ»,– կարծիք հայտնեց Մելիքյանը՝ ավելացնելով, ցանկալի կլինի, որ մինչ հայտարարությանը նախագծի տեսք տալը շատ ուշադիր ուսումնասիրեին եվրոպական մոդելը։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի հայտարարությանը պետք է հետևեն մասնավորեցումներ, մանրամասներ, հակառակ դեպքում այն մի շարք մտահոգություններ ու հարցեր է առաջացնում։

«Նախ տերմինաբանության ու սխալ մեկնաբանման խնդիր կա, ի՞նչ է նշանակում ապօրինի գույք, ինքնակա՞մ կառույցի մասին է խոսքը, առանց նոտարական գործարքի ձեռք բերված գո՞ւյքն է, որի համար վճարել են օրինական ճանապարհով ձեռք բերած միջոցներից։ Սա մեկնաբանման խնդիր ունի»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով, հայտարարությունը մտահոգություն է առաջացնում նաև անմեղության կանխավարկածի առումով։ Մասնագետի համոզմամբ, դատարանը պետք է մի քանի փաստերի համակցմամբ հաստատված համարի տվյալ երևույթը, տա հստակ պատասխան արդո՞ք գույքը ձեռք է բերվել ապօրինի եղանակով, թե՞ ուղղակի չեն կատարվել համապատասխան գրանցումները, գուցե խարդախությամբ ձեռքբերված գո՞ւյքի մասին է խոսքը։

«Ուղղակի ասել, գույքը ձեռք է բերվել ապօրինի և պետք բռնագանձվի, բնականաբար սխալ է, խախտվում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված սեփականության իրավունքը։ Նաև Սահմանդրության հետ կապված խնդիր կարող ենք ունենալ»,-ասաց փաստաբանը։

Վիրաբյանն ընդգծում է, բացի դատարանից ոչ վարչապետը, ոչ օրենսդիր ու այլ մարմին, իրավունք չունեն բռնագանձում տարածել որևէ մեկի գույքի կամ այլ սեփականության նկատմամբ։

«Գուցե դատավարության ընթացքում լրիվ այլ ապացույցներ են ի հայտ գալիս։ Այսինքն, պետական մակարդակով առանց մեղադրական ակտի բռնագանձում կատարելու մասին հայտարարություն անելն ուղղակի նմանվում է սովետական կարգերի մտածելակերպին, երբ դու ունես մյուսներից ավելի շատ գույք, ուրեմն դա պետք է ընդհանրականացվի։ Չի կարելի նման բան ասել, պետք է լինի ապացույցների վրա հիմնված վճիռ։ Ես հասկանում եմ, որ վարչապետն իրավաբանական կրթություն չունի, բայց ունի խորհրդականներ, որոնք ունենք իրավաբանական կրթություն։ Ուղղակի եզրույթ արտահայտել «ապօրինի ձեռքբերված գույք» ու ընդհանրականացնել բոլորի համար, կարծում եմ օրենքի ու մարդու իրավունքների խախտման տեսանկյունից»,-ասաց Լուսինե Վիրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում