Բելառուսը կրկին ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպման հույս է հայտնել

Բելառուսը կրկին ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում կրկին հույս են հայտնել, որ հայկական կողմը մոտակա ժամանակահատվածում կհայտնի Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այդ երկրի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, փետրվարի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:

Բելառուսի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ մյուս 5 երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան) ղեկավարների հետ, որոնք հավանություն են տվել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը:

ՀՀ ԱԳՆ-ն, օրեր առաջ արձագանքելով այս թեմայով Զասի հայտարարությանը, ընդգծել է, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև և պետք է գտնվի գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում