Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով

Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության՝1971 և 1959 թվականներին ծնված քաղաքացիներին: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ,պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

2019 թվականի փետրվարի 12-ին խուզարկություն է կատարվել 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուն պատկանող տարածքում, որտեղից հայտնաբերվել է 1366 գրամ սնդիկ, 33 գրամ «Ափիոն», 2 գրամ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և 15 գրամ կանեփ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում