Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի, ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գերմանիայում Հայդելբերգի համալսարան այցի ընթացքում, հայտնում են նախագահի նստավայրի մամուլի ծառայությունից:

«Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար», – ասել է Արմեն Սարգսյանը։

«Այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը», – ընդգծել է նա։

Ըստ ՀՀ նախագահի, այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։

«Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները», – ամփոփել է Արմեն Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում