Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, փետրվարի 15-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն անդրադարձել են Յոհաննես Հանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր են փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում