Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Մյունխենում փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նախարար Մնացականյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում