Ուրցաձորում ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետը

Ուրցաձորում ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Նախօրեին Հայաստանի 24 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ. 20-ում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրել, 4-ում՝ ավագանու անդամներ։ 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ:

Արտահերթ էին ընտրությունները նաև Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Ընտրություններում հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։ Նշենք, որ նա 2018 թ. հոկտեմբերի 10-ին բողոքի ցույցերից հետո հրաժարական էր տվել։ Համայնքի բնակիչները Անդրեասյանին մեղադրում էին կոռուպցիայի, չարաշահումների մեջ և նոր ընտրություններ էին պահանջում։ Նա չէր ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ դրանք զրպարտություն համարելով։

ԿԸՀ նախնական տվյալներով, Ուրցաձորում ընտրություններին մասնակցությունը կազմել է 72,05 տոկոս՝ 3081 բնակչից ընտրություններին մասնակցել է 2220-ը։ Անկուսակցական, ինքնաառաջադրված Ռաֆիկ Անդրեասյանը ստացել է 911 կողմ քվե։ Ընտրություններին մասնակցել է նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գևորգ Ավետիսյանը։ Նա 744 կողմ ձայն է ստացել։

Ուրցաձոր համայնքում առաջադրվել էր 7 թեկնածու, որից 2-ն ինքնաբացարկ էին ներկայացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում