«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրահավաքը չունի և չի կարող ունենալ որևէ նեղ անձնային, խմբային կամ առավելևս քաղաքական շահեր հետապնդող դրդապատճառներ:

Մենք հարկ ենք համարում արձանագրել, որ հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումներ կամ փոխզիջումներ տարբերակները:

Մյուս կողմից, հանրահավաքը դիտարկում ենք լրացուցիչ աջակցություն երկրի վարչապետին՝ բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ ու վճռական առաջմղման տեսանկյունից:

Վստահ ենք, որ իրական արտաքին սպառնալիքի և կամ գործընթացի ոչ հայանպաստ ընթացքի դեպքում հարյուր հազարավոր հայեր պատրաստ են պաշտպանել հայրենիքը և հարկ եղած դեպքում պարտադրել իրենց դիրքորոշումը: Այս տեսանկյունից, ևս մեկ անգամ կարևորում ենք բոլորի մասնակցությունը հարահավաքին:

Կոչ ենք անում հասարակական-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին, հանրային այս կամ այն հատվածի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել հանրահավաքին և հաստատել այն պարզ ճշմարտությունը, որ հայ զինվորի կողմից վերահսկվող հայրենիքի ամեն մի միլիմետր հողը հայի հայրենիքի անբաժան և անօտարելի մասն է:

Մենք հայտարարում ենք, որ հայրենիքը ոչ թե տարածք է, այլ կենսատարածք, սրբազան հող:

Ուստի՝ հայրենիքը մեկն է ու ամբողջականը և համազգային այս հիմնախնդիրը իր լուծումը պետք է ստանա միայն մեկ տարբերակով՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի միացմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում