Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Artsakhpress.am:  Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է գործնական կապերի պահպանման և ամրապնդման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և բանակցությունների անցկացումը:

Անատոլի Բիբիլովն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում