Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հասկանալի է, որ ներկա փուլում բանակցային գործընթաց չկա, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային ներկա այցից մեծ սպասելիքներ չարժե ունենալ, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Երևան կատարած այցին։

Հիշեցնենք, որ Երևանից նրանք մեկնելու են Բաքու, իսկ արդեն մարտին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի տարածաշրջանային այցը։

«Չկա բանակցային գործընթաց նախապատրաստելու համար անհրաժեշտ որևէ պատրաստակամություն՝ հատկապես Ադրբեջանի կողմից։ Դա ակնհայտ երևում է։ Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մյունխենում այդպես էլ չկայացավ, խոսում է այն մասին, որ Արցախյան հակամարտությա կարգավորման գործընթացը կանգնած է։ Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում սրանում և փորձում են հասկանալ, թե ինչ զարգացում կարող է ունենալ այս իրավիճակը։

Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը ոչինչ չի տալիս։ Այս այցն արտառոց չէ։ Նման այցեր մշտապես տեղի են ունենում, և միջնորդներն այս անգամ պարզապես փորձելու են ինչ-որ հիմքեր ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այնուհետ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումները նախապատրաստելու համար», – ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք,՝ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ Aysor.am-ին տեղեկացրել էր, որ նախատեսված է համանախագահների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Միջնորդները Երևանից կուղևորվեն Բաքու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում