Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ժողովրդավարական երկրներում լինում են որոշ ուժեր, անհատներ, որոնք երբեմն հանդես են գալիս ծայրահեղական գաղափարներով, բայց Արցախի ժողովուրդն իր կարծիքն ու վերաբերմունքը նման գաղափարների նկատմամբ վաղուց հայտնել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ Արցախում քաղաքացիական անհնազանդությամբ ու խաղաղ միջոցներով փոփոխություններ պետք է իրականացվեն, և «Սասնա ծռերը», որպես քաղաքական ուժ, փորձելու է հնարավորինս արագացնել այդ գործընթացը։

«Մեզ մոտ որևէ հիմք չկա. ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար։ Արցախցին գիտի՝ ինչու է պայքարում, գիտի՝ ինչ է նշանակում դուրս գալ փողոց, հրապարակներ։ Անհնազանդության այն դրսևորումները, որ այստեղ եղել են տարիներ շարունակ՝ սկսած 1988 թվականից, շատ քիչ տեղերում են եղել՝ համառորեն, մինչև վերջ գնալ։

Բայց այդ, անհնազանդության նպատակը եղել է համազգային խնդիրների վերհանումը, մարդիկ պատրաստակամորեն զոհաբերել են իրենց, ոչ թե պայքարի են դուրս եկել մեկ-երկու հոգու նեղ անձնական աթոռակռվի համար։ Արցախցու համար այսպիսի գաղափարները խորթ են», – նշեց Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը միաժամանակ նկատեց, որ որքան էլ Արցախը ժողովրդավար երկիր է և յուրաքանչյուր ոք կարող է իրացնել ազատ կամարտահայտության իր իրավունքը, սակայն՝ բացառապես օրենքի սահմաններում։

«Մեկ տարի հետո Արցախում ընտրություններ են տեղի ունենալու։ Հիմա ի՞նչ, մի քանի ամսվա համար մենք պետք է այս կամ այն մարդու աթոռակռվի ամբիցիանե՞րը բավարարենք։ Նման բան չի լինելու, դա անհնարին է։ Մանավանդ, Արցախում անհնազանդության տրամադրություններ չկան։ Իհարկե, միշտ կան դժհոգ մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած թեկնածուի ձայն տալ, միայն թե գործող նախագահը չվերընտրվի։ Բայց Արցախի գործող նախագահը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի ընտրություններին։ Սա հարված էր շատերին, նրանք ուղղակի շվարած մնացին», – ասաց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում