Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին

Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ բարձրացնելով ներմուծվող ապրանքի մաքսատուրքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, թե որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին, ինչը թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ անեն տեխնոլոգիապես վերազինվելու և իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ:

«Այս ուղերձը մեր արտադրողները պետք է ընկալեն, որ ահա մենք պաշտպանվեցինք, գնանք հանգիստ մեր գործով զբաղվենք, այսինքն՝ կրկին թող հանգիստ իրենց գործով զբաղվեն, բայց պետք է այս ուղերձը լինի, որ պետք է տեխնոլոգիական բնույթի ներդրումներ արվեն, որպեսզի ապրանքը դառնա առավել մրցունակ: Որովհետև մենք էլ, չմոռանանք, որ մեր կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, հետևաբար մեր բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական ընկալմամբ մոտենան իրենց գործունեությանը»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը, և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում ամբողջական պահանջարկի բավարարումը պետք է իրականացվի ներմուծման միջոցով, որի դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակությունը ևս կարող է չբավարարել ապահովելու այն, հաշվի առնելով այն հանգամանքը՝ օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում:

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում