Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր. Արթուր Վանեցյան

Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։

«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», – ասաց նա։

Արթուր Վանեցյանը պնդեց՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։

«Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», – նշեց ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար։

«Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», – ասաց նա։

Նա շեշտեց, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։

Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», – ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։

«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», – ասաց ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ պետք չէ անձնավորել այս հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում