Թուրքիան դատապարտում է Եվրոպական խորհրդարանի որոշումը

Թուրքիան դատապարտում է Եվրոպական խորհրդարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիան քննադատել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած «անընդունելի» քվեարկությունը, որը կոչ է անում կասեցնել երկրի հետ ԵՄ-ին անդամության բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք reuters-ից։

Հանձնաժողովը նախօրեին կոչ է արել Եվրամիության հանձնաժողովին ու անդամ երկրներին պաշտոնապես կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները՝ վկայակոչելով մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների անտեսումը, դատական համակարգի վրա ազդեցությունը և Կիպրոսի ու մյուս հարևանների հետ տարածքային վեճերը։

«Բացարձակապես անընդունելի է, որ ոչ պարտադիր, խորհրդատվական զեկույցի նախագիծը Եվրամիությանը մեր անդամակցության բանակցությունների ամբողջական կասեցման կոչ է անում»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Ակսոյը։

Ակսոյը հույս է հայտնել, որ անհրաժեշտ փոփոխություններ կարվեն ու վերջնական զեկույցը կլինի առավել իրատեսական, անկողմնակալ ու խրախուսող։

«Միայն այսպիսի զեկույցը հաշվի կառնվի Թուրքիայի կողմից»,-ասել է Ակսոյը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում