Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչև 2019-ի մայիսի 1-ը

Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչև 2019-ի մայիսի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստում վարչապետի կատարած դիտարկումներից հետո ճշգրտումներ են արվել և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու: «Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հակոբ Արշակյանը հավելյալ ճշգրտեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նա նաև նշեց, որ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:

Վարչապետն ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, և առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը: «Մայիսի մեկը ռեալ կլիներ»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ կոռուպցիոն ռիսկ են գեներացնում այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի, որ գնվել է մինչև դեկտեմբերի 30-ը, և առաջարկեց եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:

Վարչապետը նշեց, որ օրենքը գալիս, հասնում է կառավարություն, և այդ հարցերը նիստին են պարզվում, և հարցրեց, թե կոմիտեների նիստերին ինչու դրանք չեն քննարկվում:

Հակոբ Արշակյանը նշեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս պետք է, եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, ինչը նա չի կարծում, որ կկեղծվի, բերելու դեպքում չեն հասցնի, քանի որ մեքենան մայիսի մեկից հետո է գալու, և չեն կարողանալու ներմուծել:

Այսպիսով, որոշում կայացվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկը, և որոշումն ընդունվեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում