Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում

Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում: Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՝ ավելացնելով, որ ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզու՞մ է ունենալ այդպիսի ռեկտոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների դիտարկմանը, որ Արամ Սիմոնյանը հայտարարել է, թե նախարարի կողմից եղել է իր հրաժարականի պահանջ, ընդ որում՝ իրեն ասել են, որ քանի ԵՊՀ ռեկտորն ինքն է, ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար հանձնաժողով չի ստեղծվի, Արայիկ Հարությունյանն արձագանքեց.

«Այս տարվա հունվարի սկզբին Արամ Սիմոնյանի հետ խոսելուց հետո ես անձամբ եկել եմ վարչապետի մոտ ու նրան ներկայացրել եմ, որ ԵՊՀ հարյուրամյակը պետք է նշենք։ Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ հարյուրամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ: Նա ակնհայտ սուտ է ասել, որ նման պայման է իր առջև դրվել, թե հարյուրամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես։ Իսկ նման հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել է, որովհետև նախորդ օրն, ըստ երևույթի, նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու»:

Լրագրողների հարցին, այնուամենայնիվ, իր կողմից Արամ Սիմոնյանին հրաժարական տալու հորդոր եղե՞լ է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Դա եղել է երկար խոսակցության արդյունք, մոտ 1,5 ժամ է այդ խոսակցությունը տևել, ինչպես և հայտնի հոգևորականի հետ զրույցն ավարտվել է ձեռքսեղմումով և միմյանց հաջողություն մաղթելով։ Ես կարծում եմ, որ պարոն ռեկտորն այստեղ շատ ակնհայտ մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար։ Բուհերն ապաքաղաքական են ու քաղաքական որևէ ճնշումներ լինել չեն կարող։ Այսօր այդ օրինակը բերել եմ՝ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարը և վարչության պետեր կան, որոնք ՀՀԿ անդամ են ու նրանց հետո շատ նորմալ ու շատ լավ աշխատում ենք, այսինքն՝ եթե այստեղ քաղաքական խնդիր լիներ, նրանք վաղուց չէին աշխատի»:

«Իմ հորդորն այդ իրադարձության հետ կապված եղել է այն, որ 100-ամյակով մենք շատ հստակ ուղերձներ ենք հղելու ինչպես մեր ներքին լսարանին, այնպես էլ՝ արտաքին լսարանին, ԵՊՀ-ի և մեր բարձրագույն կրթության առաջնահերթությունների և զարգացման վերաբերյալ: Քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ՝ բարձրագույն կրթության ոլորտում, այս շրջանակներում է եղել իմ մտահոգությունը», – ասաց ԿԳ նախարարը:

Հարցին՝ ի վերջո, նա տեսնու՞մ է Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը, նախարարն արձագանքեց. «Այո′, տեսնում եմ, նաև որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում