Փաշինյանը կարևորում է ՀՀ և Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում

Փաշինյանը կարևորում է ՀՀ և Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա ներկայիս բարեկամական, աշխատանքային մթնոլորտը լավագույնս կխթանի համագործակցության ընդլայնումը և նոր մակարդակի կբարձրացնի այն: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը:

Նշելով, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ Լևան Իզորիան կարևորել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ այսօրվա հանդիպումը և դրա արդյունքներով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պաշտպանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով ինչպես ընթացիկ գործընկերությունն ամրապնդելու, այնպես էլ նոր նախաձեռնություններ իրականացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման, հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի շուրջ և երկուստեք ընդգծել այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային բարիդրացիական հարաբերությունների հաստատումը և սատարում է հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում