Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանին «Ձմեռ 2019» խորագրով անցկացվող միջազգային զորավարժությունները դժվար թե մեր երկրի անվտանգությանը սպառնան, քանի որ հայ-թուրքական սահմանը երկու առանձնահատկությու ունի. նախ՝ այն պահպանվում է հայ-ռուսական համապատասխան դաշնակցային պայմանագրով և զորքերով, այնուհետ՝ հայ-թուրքական սահմանը, թեկուզ փակ, այնուամենայնիվ ՆԱՏՕ-ական սահման է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Այսինքն՝ հայ-թուրքական սահամանը ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահման է։ Զորավարժությունները կարող են տարատեսակ նշանակություն ունենալ, բայց չեմ կարծում, որ դրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Այնուամենայնիվ, քանի որ Թուրքիան անկանխատեսելի երկիր է, պետք է մի փոքր ավելի լուրջ մոտենալ այս զորավարժություններին, բայց չեմ կարծում, որ դրանք կարող են տարածաշրջանային կայունության խաթարման էական պատճառ լինել», – ասաց թուրքագետը։

Հիշեցնենք, որ 15 երկրների (այդ թվում՝ Ադրբեջանի) մասնակցությամբ «Ձմեռ 2019» խորագրով զորավարժությունները Թուրքիայում ընթանում են Կարսում։ Դրանք մեկնարկել են դեռ փետրվարի 13-ից։ Ըստ թուրքական մամուլի՝ զորավարժությունների շրջանակում Թուրքիան հայրենական արտադրության սպառազինություն է օգտագործում:

Այդ երկրի պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զորավարժությունների ընթացքին հետևել է տեսակապի միջոցով:

Ըստ թուրքական աղբյուրների՝ զորավարժությունների նպատակը համագործակցության ամրապնդումն է և ստորաբաժանումների գործողությունների համակարգումը ձմեռային պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում