Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ։

Նախարարությունից նշում են, ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում:

Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան գազեր:

Ըստ հիմնավորման, առկա վիճակը պայմանավորված է նաև հասարակության բնապահպանական մշակույթի անբավարար ձևավորմամբ, և սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային (էկոլոգիական տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ:

Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում և այլն) կիրառմամբ:

Ակնկալվում է, որ ներկայացված օրենքների նախագծերով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում