Մարդն ասում է, որ Նիկոլը լավն է, բայց սա իշխանություն չի, որ ունենք

Մարդն ասում է, որ Նիկոլը լավն է, բայց սա իշխանություն չի, որ ունենք

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: 24News-ին Ֆորշի տված հարցազրույցը լրատվամիջոցին ուղղված քննադատությունների ու հանիրավի մեղադրանքների պատճառ է դարձել։ Կարծում եմ՝ պատճառը սիրված երգչի՝ այս օրերի համար, մեղմ ասած, ոչ պոպուլար մտքերն են։ Մարդն ասում է, որ Նիկոլը լավն է, բայց սա իշխանություն չի, որ ունենք։ Մեծ ցավ է ապրում Մշակույթի նախարարությունը փակելու Կառավարության որոշման համար։ Քննադատում է մի խոսքով այն ամենը, ինչը հաստատ գովելու չի։ Ու մարդիկ, փոխանակ երգչի խոսքը լսեն, փորձեն հասկանալ, թե ինչ է ասում, ինչի է տառապում, 24News-ին են քննադատում։ Թե բա՝ խմած մարդու եք նկարել…

Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ խմած մարդուց չեն նեղանում։ Մեկ այլ իմաստնություն էլ պնդում է, թե խմած մարդու լեզվին այն է, ինչ հոգում։ Երկու մտքի հետ էլ դժվար է վիճել։ Ու եթե մարդիկ չեն ուզում ասված ճիշտ խոսքը ընկալեն, սկսում են հղվել «վատ լրատվամիջոցի», «խմած մարդու» ու այլ «մեղմացուցիչ» հանգամանքների վրա։ Ինձ համար դա հասկանալի է՝ ինքնապաշտպանական ռեակցիա է։

Մինչդեռ լավ կլիներ, որ մեկ անգամ բոլորս միասին փորձեինք առերեսվել ճշմարտության հետ։ Միգուցե էտ ժամանակ հասկանայինք, որ Ֆորշը, եթե անգամ մի քիչ խմած էր, միևնույն է, իրենց հուզող ցավից էր խոսում։ Ցավ, որ կա, կեղծ չէ։ Իսկ 24News֊ն էլ, որպես սոցիալապես պատասխանատու լրատվամիջոց, այդ ցավը բերել և իր լսարանին է հասցրել։ Ուզենք-չուզենք, ընդունենք, թե ոչ՝ դա է իրականությունը։

Դրա համար՝ խորհուրդ եմ տալիս բոլոր քննադատներին դուրս գալ սրբի կերպարից ու փորձել հասկանալ, ինչի մասին էին խոսում արվեստագետն ու լրագրողը։ Եթե անգամ դա ձեզ դուր չի գալիս, կամ ցավեցնում է՝ իմացեք, որ դա է հիվանդությունները հաղթահարելու միակ ուղին։ Փորձեք բովանդակությունը հասկանալ, վստահ եմ՝ կկարողանաք, եթե մի պահ անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում