Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրամին. Նարեկ Մալյանը ԵՊՀ հոգաբարձուների նիստի ընթացքում մետաղադրամներ լցրեց նիստը վարողի սեղանին

Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրամին. Նարեկ Մալյանը ԵՊՀ հոգաբարձուների նիստի ընթացքում մետաղադրամներ լցրեց նիստը վարողի սեղանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Երևանի պետական համալսարանում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային հիմնական կետը ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցն է։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին.

«Ցավոք, արդեն երևում են առաջին նշանները, որ տարբեր շահեր հետապնդող խմբեր փորձում են և փորձելու են օգտագործել համալսարանի շուրջ եղած իրավիճակը, համալսարանի շահերի հետ ոչ մի աղերս չունեցող նպատակների համար։ Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի բարդանալու է և կարող է ինչ-որ պահից անցնել դարձելիության կետը», – ասաց Գևորգ Մուրադյանը։

Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին.

«Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, ձեզ չպահեք», – ասաց Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ն. Մալյանի ղեկավարությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԵՊՀ-ում, նախօրեին էլ վերջինիս հայտարարեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը պայմանավորված է ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի հիմնադրամին ԵՊՀ-ի կողմից գումար չփոխանցելու հանգամանքով:

«ԵՊՀ-ն ոչ մի կոպեկ չի փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին: Չեմ հասկանում՝ էս ի՞նչ «քձիբություն» ա Արամ Սիմոնյանի կողմից: Հիմա ընկերներով հավաքվում ենք, արկղ կդնենք այստեղ, թող մարդիկ 10-20 դրամներով իրենց կոպեկները դնեն, տանենք տանք Աննա Հակոբյանին ու թող մարդիկ պրծնեն էս պատմությունից, ԵՊՀ-ն փրկենք: Եթե կան մարդիկ, ովքեր 10-20 դրամ կոպեկ ունեն տանը ավելորդ կամ նույնիսկ ոչ ավելորդ, թող բերեն գցեն արկղի մեջ, որովեհետև եթե Պուշկինի դպրոցը 400 հազար ա տվել հիմնադրամին, ԵՊՀ մարժան հիմնադրամում 4 մլն առնվազն պիտի լինի, այսինքն՝ այնքան, ինչքան մեղադրանքի հիմքում է ներկայացված», – հայտարարել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում