Քննարկում Կոնգրեսում. Անկարայի կողմից ցեղասպանության ժխտումը վնասում է նաև մեր օրերի Թուրքիային

Քննարկում Կոնգրեսում. Անկարայի կողմից ցեղասպանության ժխտումը վնասում է նաև մեր օրերի Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը:

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Ձայն կայքից, Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունը որակող և դատապարտող իրավական հիմքերի ստեղծմանը:

Թերիոլը նշել է, որ Լեմկինի կողմից «ցեղասպանության» որակումը տալուց 75 տարի անց ցեղասպանությունները դեռ տեղի են ունենում՝ վերափոխելով թե դրանց զոհերին և թե՝ իրականացնողներին: Սակայն, եթե Ավստրալիայի կառավարությունն ինքը առանց որևէ արտաքին ճնշման ճանաչեց Ավստրալիայի բնիկ բնակչության դեմ 18-19-րդ դարերում իրականացրած ցեղասպանությունը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է նաև մեր օրերի Թուրքիայի զարգացմանը։ 

«Իրականում, կարելի է տեսնել, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ հետագայում Թուրքիայի իշխանություն կազմել և հենց նրանք են ուրվագծել այսօրվա Թուրքիայի ռազմական, տնտեսական և քաղաքական համակարգի հիմունքները: Ուստի, ինչո՞ւ ենք զարմանում, որ տասնամյակներ անց այնտեղ հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը»,-ասել է Թերիոլը։

Քննարկմանը ներկա Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր կողմից շեշտել է, որ Լեմկինը հենց այն մարդն էր, որ լրացրեց ցեղասպանությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական բացը, սակայն, արդարության հասնելու համար այն բավարար չէ։

«Անհրաժեշտ օրենքներն առկա են, սակայն, բացակայում է այդ օրենքների նկատմամբ հարգանքը: Այդ օրենքները գործածելու համար անհրաժեշտ են նաեւ դիվանագիտական ջանքեր: Ես խորհուրդ կտայի աշխատել ժողովրդավար երկրների հանրությունների հետ, որպեսզի այդ հանրությունները պահանջեն իրենց կառավարությունից միջազգային ասպարեզում աջակցել Ցեղասպանության ճանաչմանը»,-ասել է Էվանսը։

Հենրի Թերիոլը համաձայն է՝ ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում