Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել

Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, Times.am: Պոլսո Հայոց պատրիարքարանը 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ մինչև Զատկի տոն (ապրիլի 21) սուգ է հայտարարել։ Այդ ընթացքում հայկական եկեղեցիներին ու հիմնադրամներին առընթեր հաստատությունների բոլոր ոչ կրոնական միջոցառումները կհետաձգվեն։

«Էրմենիհաբեր»-ը նաև գրում է, որ Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը մարտի 9-ի երեկոյան նիստ է գումարել՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հստակեցվել են պատրարքի հոգեհանգստի արարողության հետ կապված մանրամասները։

Հոգեհանգստի արարողության կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին ժամը 10։00-ին՝ Գումգափուի Մայր եկեղեցում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կհուղարկավորվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Իսկ մարտի 14-15-ին ժամը 15։00-18։00 ընկած ժամանակահատվածում հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Գումգափուի Մայր եկեղեցում վերջին հրաժեշտը տալ պատրիարքին։

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտի 8-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ 62-ամյա պատրիարքը 2008 թվականից գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում