ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս գնահատել բոլոր հավանական ռիսկերը

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս գնահատել բոլոր հավանական ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մանրակրկիտ գնահատել բոլոր հավանական ռիսկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հիմնավորմամբ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ այն անձանց մուտքը Ադրբեջանի տարածք, ովքեր ունեն հայ ազգի պատկանելիության ուղղակի կամ անուղղակի նշաններ՝ անկախ նրանց քաղաքացիությունից:

«Ադրբեջան այցելող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկ դրդապատճառներով ցուցաբերվող խտրականության անթույլատրելիության վերաբերյալ ռուսական կողմի բազմաթիվ դիմումները մերժվում են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս դեպի Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս գնահատել բոլոր հավանական ռիսկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում