Վարչապետն անհրաժեշտ է համարում անասնաբուժական ծառայությունները պատվիրակել մասնավորին

Վարչապետն անհրաժեշտ է համարում անասնաբուժական ծառայությունները պատվիրակել մասնավորին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում անասնաբուժական ծառայությունները արտապատվիրակել մասնավորին: Այդ մասին ՀՀ վարչապետն ասաց կառավարության նիստում:

«Մենք տարածքներում պետք է ունենանք անասնաբուժական կենտրոններ, որոնց կաջակցենք, որ նրանք ունենան տեխնիկական և մասնագիտական պատշաճ մակարդակ: Պետական ծրագրերը մենք պետք է իրականացնենք այդ կենտրոնների միջոցով, որովհետև մենք հիմա զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու: Կներեք այս ձևակերպման համար, մենք ունենք մեկ նորմալ անասնաբուժություն, մի հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք և սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մեր պետական ծառայությունները պետք է արտապատվիրակենք: Սա նաև ֆինանսական աջակցություն է և կարծում եմ՝ ծառայությունների եթե ոչ գինը, ապա առնվազն որակը այս մեթոդով մենք հնարավորություն կունենանք մեծացնել: Այնպես որ պետք է այս ռազմավարությունով գնանք առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ոլորտային միջոցառումների ծրագրում այս ռազմավարական ուղղությունը պետք է առանձնահատուկ նշվի՝ որպես ուղղություն: «Այսինքն, մենք պետք է աշխատենք, որ ռազմավարությունը լինի այն, որ այդ ծառայությունները ծածկեն ամբողջ հանրապետությունը: Իմիջայլոց, սա չի նշանակում, որ այն պետական ծրագրերի իրականացման պրոցեսում լավ մասնագետներ չկան, այստեղ մոտիվացիայի խնդիր է, իրենց աշխատանքի անընդհատականության խնդիր է, այստեղ նաև պրոֆեսիոնալ մակարդակը շարունակաբար բարձրացնելու խնդիր է: Մրցունակ մասնագետը կարող է միայն այստեղ հայտնվել և ունենալ հաճախորդների շրջան: Որովհետև ուրիշ բան է, որ պետության տված գումարով տարին մեկ, երկու կամ երեք անգամ ուղղակի պատվաստում են, այլ բան է, երբ քաղաքացին անընդհատ դիմում է և տեսնում, որ մատուցած ծառայությունն իր ակնկալած արդյունքը բերում է: Հետևաբար` գյուղատնտեսության ոլորտային ծրագրում դա պետք է նշել, որպեսզի դրա հետագա իրականացումը մեր այլ ծրագրերում անպայման արտահայտվի»,– ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում