ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի արտգործնախարարի հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով լրագրողների հարցին, թե կո՞ղմ են, արդյոք, որ Արցախի խնդրի կարգավորման հետ կապված խորհրդարանական լսումներ սկսվեն:

«Արտգործնախարարը մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցելու է փակ քննարկման: Եթե ուզում ենք, որ խոսակցությունն անկաշկանդ լինի, շատ կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն: Իսկ խորհրդարանական լսումն այլ գործիք է: Միգուցե մի օր էլ խորհրդարանական լսում անենք»,– ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ խորհրդարանն ունի մի շարք գործիքներ` լսումներ, փակ հանդիպումներ, հարց ու պատասխաններ, գրավոր հարցումներ: Հիմա խորհրդարանականները որոշում են, թե ինչպես պետք է օգտագործել այդ գործիքը: «Այս փուլում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ: Միգուցե այդ հանդիպումից հետո լսում կազմակերպելու կարիք լինի» ,– ասաց Մարուքյանն ու ընդգծեց, որ ամեն գործիքի կիրառում պետք է իր նպատակն ունենա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում