Հայաստանը ՄԱԿ-ում կազմակերպել է կլոր սեղան-քննարկում

Հայաստանը ՄԱԿ-ում կազմակերպել է կլոր սեղան-քննարկում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը մարտի 12-ին ՄԱԿ-ում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Հավասար իրավունքներից դեպի հավասար հնարավորություններ․ դիմակայելով կանանց և աղջիկների հանդեպ խտրականությանը» հարակից միջոցառումը, որին որպես բանախոս մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը զուգակցվեց Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի` Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Ելույթներով հանդես են եկել Կիպրոսի արտաքին գործերի նախարարի՝ արտաքին քաղաքականությունում գենդերային հավասարության հարցերով խորհրդական Ջոզի Խրիստոդուլուն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի ներառական սոցիալական զարգացման բաժնի տնօրեն Դանիելա Բասը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գենդերային և մարդու իրավունքների և մշակույթի բաժնի ղեկավար Լուիս Մորան և «NGO CSW/NY» հասարակական կազմակերպության նախագահ Սյուզան Օ՛Մալին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանն իր ելույթում շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է աջակցելու գենդերային հավասարությանը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ նկատելով, որ կանայք էապես նպաստել են Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած փոփոխություններին և ապահովել վերջիններիս խաղաղ բնույթը։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարել է ղեկավար և որոշում կայացնող մակարդակներում կանանց ներգրավվածության և մասնակցության կարևորությանը՝ այդ կապակցությամբ ընդգծելով կանանց մեծ դերակատարությունը Հայաստանում ժողովրդական հեղափոխության իրականացման ողջ ընթացքում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2020-2022թթ․ համար անդամակցելու նպատակով իր թեկնածությունը ներկայացրած երկիր, լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում նաև ամրապնդելու և զարգացնելու կանանց ու աղջիկների առաջխաղացմանն ուղղված մեխանիզմները։

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների, քարտուղարության, ՄԱԿ մասնագիտական գործակալությունների և ծրագրերի, հասարակական կազմակերպությունների ու գիտաուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում