Պատգամավորը պետական տուրքի բարձրացման արդյունքում շատ գրավատների ու փոխանակման կետերի փակման ռիսկ է տեսնում

Պատգամավորը պետական տուրքի բարձրացման արդյունքում շատ գրավատների ու փոխանակման կետերի փակման ռիսկ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի նախատեսվող զգալի բարձրացման համար դեռ հիմնավորում չի նկատել: Նա կարծում է, որ դրանց թիվը կկրճատվի, իսկ փոքր մրցակցության արդյունքում՝ կտուժի մատուցվող ծառայությունների որակը:

Մելքումյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Բարձրացման համար ես առայժմ չեմ տեսել հիմնավորումներ, դեռ ոչ մի պետական պաշտոնյա չի ներկայացրել այդ հիմնավորումները: Կամայական կտրուկ բարձրացումը ի՞նչ նպատակ է հետապնդում: Դրա արդյունքում գրավատների ու փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն: Ես նաև տեսնում եմ հետևյալ միտումը՝ սեգմենտը, որն օգտվում է այդ համակարգերից, ուղղորդել դեպի բանկերը: Դրա փոխարեն կառավարությունը կարող է վարկերի տրամադրման տոկոսները ինչ-որ կերպ սահմանափակել, կարգավորել», -ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, որ եթե գրավատներն ու փոխանակման կետերը կան, դա նշանակում է, որ դրանց նկատմամբ պահանջարկ կա, այլ բան է, որ այդ պահանջարկի սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու ոչ ռիսկային դարձնեն: Մելքումյանը նկատեց, որ քիչ պետական տուրքի պարագայում գրավատների ու փոխանակման կետերի ցանցը մեծացել է: «Դա էլ նշանակում է, որ այնտեղ մրցակցություն է առաջացել: Իսկ որքան մրցակցություն լինի, այնքան ծառայությունների որակը կբարձրանա: Եթե տուրքը բարձրացվում է, գրավատների ու փոխանակման կետերի քանակը կնվազի: Բերում ենք կիսամոնոպոլ դաշտ, նշանակում է, որ դրանց որակները կտուժեն»,- եզրափակեց Մելքումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում