ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի Խորհրդի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված ջանքերի և առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու լրացուցիչ հարթակ:

Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու 2018թ. ապրիլ-մայիսին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում