Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել

Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ֆիլմարտադրության միջոցով աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով մարտի 15-ին Երևանում տեղի է ունեցել «Տուրիզմը և ֆիլմարտադրությունը. համագործակցության հեռանկարներ» խորագրով հանդիպում-քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման կազմակերպիչներն էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, Associated Television International հեռուստաարտադրող ընկերությունը (ԱՄՆ), Academy Films ֆիլմարտադրող ընկերությունը (Հայաստան):

Հանդիպման ընթացքում Associated Television International հեռուստաարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄկՔենզին ներկայացրեց իր առաջարկը հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին: Նա հայտարարեց, որ իրենց ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող մի շարք տեսաֆիլմեր և հոլովակներ պատրաստել, որոնք անհատույց հիմունքով կփոխանցվեն ՀՀ կառավարությանը` Հայաստանը միջազգային շուկաներում որպես տուրիստական ուղղություն գովազդելու նպատակով:

Նա հայտնեց, որ իր ընկերությունը պատրաստ է հայաստանյան տուր օպերատորների և հյուրանոցների համար նկարահանել մարկետինգային հոլովակներ, որոնք նրանք կարող են ազատ գործածել սեփական պրոդուկտն ու ծառայությունները լավագույնս ներկայացնելու համար:

«Մենք պատրաստ ենք նկարահանել և տրամադրել այդ նյութերը երեք ամսվա ընթացքում: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լայն հանրությանը հայտնի դառնա որպես տուրիստական հրապուրիչ ու հետաքրքիր վայր: Դրա համար աշխարհի հետ պետք է խոսենք բոլոր հասանելի միջոցներով»,- ասաց Դեյվիդ ՄկՔենզին:

Հանդիպմանը մասնակցեց ՀՀ վարչապետ գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը վարչապետի աշխատակազմի անունից երախտագիտություն հայտնեց գործարար Սերգեյ Սարկիսովին, Դեյվիդ և Լորա ՄկՔենզիներին, Academy Films ընկերությանը կատարած աշխատանքի համար:

Գասպարյանն ընդգծեց, որ նրանց գործունեությունը 2018 թվականից սկսած կառավարություն-մասնավոր հատված համագործակցության հետևանքն է:

«Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստանում կարողանա ներգարվվել և օգուտ քաղել զբոսաշրջությունից»,-ասաց Արսեն Գասպարյանը` շեշտելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար թիրախային ուղղություն է:

Academy Films ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Արամ Թորոսյանն անդրադարձավ այսօր զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Լրագրող, «Laura McKenzie’s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզին պատմեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանից ամերիկացի զբոսաշրջիկները, իսկ հաղորդավար, դերասան «Elizabeth Stanton’s Great Big World» Էլիզաբեթ Սթենտոնը կիսվեց իր գաղափարներով այն մասին, թե ինչպես հետաքրքրել երիտասարդ զբոսաշրջիկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում