Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է: Այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:

«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԱԳՆ-ն ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից նոր զորակայանի տեղակայմանը՝ Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ դա նույնպես չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: «Եվ Արցախը, և Հայաստանը ունեն վճռականություն և կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,– նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում