ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ,  Panorama.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերնիկովը։

Նա ընդգծել է, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե երբ կլինի նոր քարտուղարի նշանակումը։

«Թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ գործընթացներն իրականացվել են Բելառուսի կողմից, և որոշման ընդունման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը դեռ 2018-ի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։

Սեմերինիկովի խոսքով, փաստաթղթերի ստորագրման ու համաձայնեցման համար ժամկետներ նշված չեն։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ անդամ երկրներից Հայաստանը համաձայն չէ այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին նշանակելու հետ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց հայկական կողմի նախաձեռնությամբ անցած տարվա նոյեմբերի 2-ին։ Նա անցնում է մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ։ Հայաստանը հայտարարել է, որ պահպանելու է այդ պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի ավարտը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում