Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ)

Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Aysor.am: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, համաձայն որի՝ Հայաստանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է՝ ինչ վարձատրություն չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանալ՝ այսպիսի բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ պետական աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան», – ասաց նա:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին դրամաշնորհով է եղել ֆինանսավորումը, իսկ այս տարի մրցութայինի է փոխվել, ինչի վերաբերյալ «Արմաթ»-ը առարկություն է հայտնել:

«Մենք բանակցել ենք և ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք, նախագիծը կքննարկվի կոմիտեի նիստում և կընդունվի մյուս շաբաթ», – ասաց նա:

Վարչապետը առարկեց՝ նշելով, որ այդ մարդիկ երեք ամիս չեն ստացել աշխատավարձ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքը աշխատողներին չի վերաբերում, այլ՝ հասարակակական կազմակերպության կողմից իրականացվող աշխատողներին:

Փաշինյանը նշեց, որ այդ ամենը հասկանալի է, սակայն պետությունը կարևորել է այդ ծառայությունը:

«Սա աննորմալ երևույթ է: Ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց է հնարավոր դառնում այսպիսի երևույթները: Մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լավ լինի՞, թե՞ ավելի վատ լինի, իհարկե փոխում ենք, որ ավելի լավ լինի, հետևաբար, հարց՝ ինչու է ավելի վատ: Ես ասում եմ՝ մրցույթը մինչ հիմա ինչո՞ւ չի եղել, այսօր մարտի քսանմեկն է, ինչո՞ւ չի եղել», – ասաց վարչապետը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է «Արմաթը» իրականացնում իր աշխատանքները և հիմա, քանի որ վճարման ձևը փոխվել է, առարկություն է ներկայացվել «Արմաթի»-ի կողմից, որ դա իրենց գույքն է, ինչի հետ համաձայնել է ԿԳՆ-ն, այսինքն՝ ստացվել է՝ եթե իրենք չշահեն, այդ ծրագիրը չի իրականացվելու:

Վարչապետը հարցրեց, թե, այդ դեպքում, այն ժամանակ ինչու են այդ որոշումը ընդունել։ Արձագանքեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ բավարար քննարկման ժամանակ չի եղել, դրա համար որոշակի ռիսկեր են եղել և հապճեպ է եղել:

Նա հնարավոր համարեց, որ Գյումրու և Վանաձորի տեխնոպարկի դեպքում էլ կարող է այդ հարցը առաջանա հետագայում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց այսօրվա նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել:

«Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե խնդիր առաջացավ՝ ասել՝ եկեք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք չունենամ ընդհանրապես», – ասաց վարչապետը:

«Եթե արդեն շրջանառվել է այդ որոշումը՝ կարող էին հենց այսօր անել», – ասաց Տ.Ավինյանը:

Ինչին վարչապետը պատասխանեց. «Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում