Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից

Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.

«Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:

Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:

Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝

պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,

կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:

1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն

2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն

3. ՀՅԴ Արցախի ԿԿ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում