«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան

«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագրին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Արցախի ունեցած մտահոգությունների մասին։

Արցախի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով իշխանոփոխությունից հետ Երևանի և Բաքվի միջև հանդիպումների ակտիվացմանը, նշել է, որ կողմերը ցանկանում են ծանոթանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումներին։

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցություններում ներգրավվելու հարցին, Մասիս Մայիլյանը հստակեցրել է բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի մոտեցումները նույն են։

«Մենք խոսում ենք Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին՝ ելնելով բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից։ Եռակողմ բանակցությունների վերականգնման համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները»,-ասել է նա։

ԱԳ նախարարն ընդգծել է, ինչպես ցույց է տվել ժամանակը այդ ձևաչափն ամենաարդյունավետն է եղել։ Հենց այդ ձևաչափով է ձեռք բերվել միակ շոշափելի արդյունքը՝ հրադադարի վերաբերյալ, որը կնքվելէ 1994-ի մայիսի 12-ին ՌԴ միջնորդությամբ։

Տարածքների հանձնելու վերաբերյալ էլ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դա ուղղակիորեն ոչնչացնելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համակարգը, ինչըվտանգի տակ է դնելու պատմական հայրենիքում բնիկ ժողովրդի գոյությունը։

«Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից կարելի է հետևություն անել, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլև Սյունիքի մարզի, նույնիակ Հայաստանի մայրաքաղաք Երևանի։ Մենք պետք է լրջորեն վերաբերվենք Ադրբեջանի նախագահի ու ԶՈՒ գերագույն հրամանատարության հայտարարություններին և չհեշտացնենք իրենց ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհը։ Ընդհակառակը, պետք է շարունակել ձեռնարկել անհրաժեշտ ռազմական ու քաղաքական, դիվանագիտական քայլեր՝ զսպելու այդ երկրի ղեկավարության ագրեսիվությունն ու զավթողական մտադրությունները»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում