Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել

Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել

 

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցկացվեց խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Սեւանի եւ Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արեւիկ Հովսեփյանը, Սեւանի եւ Հրազդանի գետավազանային կառավարման պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները եւ դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցական առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ 50 տեղական շահառուների՝ ներառյալ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր եւ խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաեւ գիտնականների ու լրագրողների՝ պարզելու նրանց տեսակետները ավազաններում առկա հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որոնք են՝ որակյալ ջրի ապահովում, ջրային ռեսուրսի բաշխում, աղտոտման նվազեցում, անվտանգ խմելու ջրի ապահովում եւ մարդկանց առողջության պահպանում:

«Մեկօրյա հանդիպումները մասնակիցներին հնարավորություն են ընձեռում՝ կարծիքներ արտահայտել գետավազանային կառավարման պլանների վերաբերյալ՝ բանավիճելով անհամաձայնությունների, համաձայնությունների, ինչպես նաև համապատասխան ավազաններում առկա հիմնական մարտահրավերների շուրջ: Այս երկխոսությունը շատ կարեւոր է, եւ դրանց արդյունքները հաշվի են առնվելու գետավազանային կառավարման պլանի մշակման նպատակներին հասնելու համար հնարավոր գործողությունները սահմանելիս:

Պետական եւ ոչ պետական ոլորտի շահառուների հետ այս խորհրդատվական հանդիպումներն ավելի լայն հանրային խորհրդատվությունների մաս են կազմում, որոնք տեւելու են մարտի 12-ից մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ, եւ որոնց միջոցով հավաքագրվելու են փորձագիտական կարծիքներ եւ տեղեկատվություն՝ գետավազանային կառավարման պլանում լրացումներ կատարելու եւ դրա հետ կապված միջոցառումների ծրագիրը մշակելու համար: Խորհրդատվության գործընթացը Հայաստանում իրականացնում է «Ազգային ջրային համագործակցություն գիտական, էկոլոգիական ՀԿ-ն»,-ներկայացրեց Արեւիկ Հովսեփյանը:

ԵՄՋՆ+ քառամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2016թ սեպտեմբերին, ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության երկրներում ջրի ոլորտում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է: Այն աջակցում է 6 գործընկեր երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային՝ համապատասխանեցնելու իրենց օրենսդրությունը ջրի կառավարման բնագավառում իրականացվող ԵՄ քաղաքականությանը՝ շեշտը դնելով անդրսահմանային գետերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում