AM | RU
USD
EUR
RUB

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Times.am: Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար օրհասական անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին հաստատված բյուջեում: Արդյունքում՝ մենք 2019 թվականին քաղաքի հոգսերին կուղղենք 10 միլիարդով ավելի միջոցներ, քան 2018-ին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մասը կուղղվի մանկապարտեզներին: Ոլորտում բարեփոխումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել էր դեռևս հունվարին՝ նախակրթարանների տնօրենների հետ հանդիպմանը: Բյուջեի փոփոխությամբ շուրջ 20 տոկոսով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի ևս 400 միլիոնի ծախս:

Խոշոր ծախսերից. քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման և լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ՝ նախորդ տարվա 0 դրամի համեմատ: Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս 340 մլն դրամ: 110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով էլ կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկինի 20 միլիոնի փոխարեն: Երևանի քաղաքապետարանը մտադիր է այս տարի սկսել նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակումը: Այն հնարավորություն կտա գույքագրելու ամբողջ հողային և գույքային ֆոնդը:

Շուրջ 190 մլն էլ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը՝ այդ կերպ պահպանելով նաև քաղաքի պատմությունը: Քաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին: «Սրա մեջ մտնում է նաև մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու նախագծային աշխատանքների ծախսերը: Աշխատանքն արվելու է ներդրումներով, բայց նախագծերը նախատեսում ենք իրականացնել մենք: Բայց չի բացառվում, որ մասնավորին ևս կարողանանք փոխանցել և արդյուքնում միջոցները կտնտեսենք»,-ասել է նա:

Բազմաբնակարան շենքների բնակիչներին հուզող վերելակների խնդրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեի լրամշակված տարբերակում ավելացրել է վերելակների սպասարկման համար նախատեսված գումարի չափը: «Ինչպես գիտեք, այս տարի կրճատվել էր վերելակների ծախսը: Այն դետալներն ու աշխատանքները, որոնց համար նախկինում ծախսվել է 108 մլն դրամ, մենք այդտեղ տեսնում ենք իրական 30 մլն դրամի ծախս: Արդյունքում ունեցանք նվազած բյուջե, չնվազած աշխատանքներ, իսկ այժմ աշխատանքները գրեթե եռապատկում ենք: Դրա հիմքում դնում ենք վերելակների անվտանգության և շահագործման նկատմամբ տեխնիկական նոր չափորոշիչներ ու պահանջներ: Այն ամբողջ բյուջեն, որ կավելանա, մենք կտնտեսենք վերապատրաստումների և գործուղումների հատկացված ֆոնդից»,- նշում է Հայկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վթարային շենքերին, ապա 105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր: Նախքան Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցումը՝ այս տարի քաղաքապետարանը տարածքը կցանկապատի: Աղբավայր մտնող, դուրս եկող մեքենաները կլվացվեն, անվադողերը՝ կախտահանվեն: Աշխատանքների համար կպահանջվի շուրջ 40 մլն դրամ:

Առողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաև վերանորոգում ու հիմնանորոգում:

Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: Կացարանի ու կլինիկայի կառուցում, կենդանիների ստերջացում: Համայքնային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի թատրոնների հիմնանորոգմանը: Գրեթե նույնքան գումար էլ կուղղվի մարզադպրոցների վերանորոգմանը: Միաժամանակ 125 միլիոնով նվազեցվել են մշակութային միջոցառումների ծախսերը: «Մենք նվազեցրել ենք մշակութային միջոցառումների ծախսերը՝ առանց նվազեցնելու դրանք որակն ու քանակը: Կա գնահատական, որ այդ միջոցառումները իրականացվել են իրականից ավելի բարձր գներով: Այս մասով բյուջեն կկազմի շուրջ 830 մլն դրամ: Ոչ ֆինանսական լեզվով ասած՝ ևս 3 մլրդ տնտեսել ենք: Սակայն տնտեսել ենք ոչ թե աճի տեսքով, այլ նոր ծախսային ուղղությունների մասով: Այսինքն, կծախսվեն իրական հոգսերը հոգալու նպատակով: Այս տարվա բյուջեի ծախսային օպտիմալացման մեջ լուրջ տեղ է զբաղեցնում քաղաքային ենթակայության կառույցների՝ ՓԲԸ-ների գործունեությանն ուղված մեր ծախսերի ծավալները»,-նշել է նա:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծում է՝ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձևավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել: «Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարևոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձևակերպված հողերի օրինականացման արդյունքում»,-ավելացրել է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ 10 մլրդ դրամի յուրաքանչյուր լուման ուղղվելու է իր նպատակին՝ քաղաքի ու բնակիչներ կյանքը դարձնելով որակապես այլ:

«Մենք չենք սահմանափակվելու այսքանով: Այս փուլում 2019թ. համար սա մեր վերջին խոշոր լրամշակումն է: Հուսով ենք՝ 2020 թվականի բյուջեն ևս նշանակալի աճով կպլանավորենք: Ունենք մեկ գերնպատակ՝ քաղաքը դարձնել ավելի հարմար, որտեղ քաղաքի բնակիչները կտեսնեն իրենց երեխաների ապագան» ,-նշել է Հայկ Սարգսյանը:

Լրահոս
Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 20 Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan